Աբխազիայում ռուս զբոսաշրջիկների ծեծի դեպքը հետաքննվում է

Վրաստանից չկառավարվող Աբխազիայում ռուս զբոսաշրջիկների ծեծի դեպքը հետաքննվում է։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին՝ դեպի Ռիծա լիճ էքսկուրսիայի ժամանակ` «Գրոտ» սրճարանում, և հայտնվել է ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ էքսկուրսիայի խումբը բաղկացած էր ութ հոգուց, այդ թվում՝ կանանցից և ութամյա երեխայից։ Զբոսաշրջիկների խոսքով՝ նրանց վրա հարձակվել է մոտ 30 մարդ, այդ թվում՝ էքսկուրսիայի մեքենաների վարորդներ և սրճարանի աշխատակիցներ։

Տուժածերից մեկի՝ Վադիմ Ժուկովի խոսքով, կոնֆլիկտը սկսվել է էքսկուրսիայի ժամանակ։ Նրա խոսքով՝ վարորդը խմբի հետ համաձայնեցնելուց հետո երթուղուն ավելացրել է լրացուցիչ վայր, ապա յուրաքանչյուր զբոսաշրջիկից պահանջել է հավելյալ 1000 ռուբլի։

Ավելի ուշ խումբը գնացել է Ռիծա լճի ափին գտնվող «Գրոտ» սրճարան, որտեղ զբոսաշրջիկները բողոքել են սննդի որակից և գներից։ Սակայն, նրանց խոսքով, իրենք ամբողջությամբ վճարել են պատվերների համար։

Տուժածների խոսքով՝ վարորդներից մեկը այնուհետև մի կողմ է քաշել խմբի անդամներից մեկին և հարվածել նրա դեմքին։ Այլ զբոսաշրջիկներ փորձել են օգնել նրան, ինչը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի։

Ըստ զբոսաշրջիկների՝ իրենց ծեծել է մոտ 30 մարդ. հարվածել են աթոռներով ու սպասքով, և միջադեպին ականատես է եղել մոտ հարյուր մարդ։

Ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով տուժածներին, նաև գրել են, որ ծեծկռտուքի ժամանակ լսվել են բղավոցներ. «Սպանեք ռուսներին»։ Ըստ զբոսաշրջիկների` ծեծը որոշ ժամանակ շարունակվել է նաև ոստիկանության ժամանումից հետո։