Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրակլի Կոբախիձեին հղված ուղերձում շնորհավորել է Վրաստանի անկախության օրվա առթիվ։
«Իմ և ադրբեջանցի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ Անկախության օրվա՝ մայիսի 26-ի առթիվ անձամբ Ձեզ և ողջ վրաց ժողովրդին՝ մաղթելով ամենայն բարիք։
Մեզ չափազանց ուրախացնում են մեր բարեկամ երկրի և ռազմավարական գործընկերոջ՝ Վրաստանի դինամիկ զարգացումն ու ձեռքբերումները։
Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, եղբայրության և բարիդրացիության ավանդույթների վրա, որոնք դարերի ընթացքում ձևավորվել են մեր ժողովուրդների միջև։ Այսօր մեր միջպետական հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը բնութագրվում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, կանոնավոր երկկողմ այցերով և փոխշահավետ համագործակցությամբ, որը մշտապես հարստանում է նոր բովանդակությամբ։
Հաճույքով եմ հիշում ապրիլին Ձեր հրաշալի երկիր կատարած իմ պետական այցը։ Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ առաջնահերթ ոլորտների շուրջ մեր անկեղծ ու բաց երկխոսության ընթացքում կայացված որոշումները զգալի ներդրում կունենան մեր ռազմավարական գործընկերության հետագա խորացման և գործնական արդյունքների հասնելու գործում։ Ներկայումս բարենպաստ պայմաններ են ստեղծված մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը նոր բովանդակությամբ հարստացնելու և մեր տարածաշրջանի տնտեսական ներուժը մեծացնելու համար։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով, հանուն մեր ժողովուրդների և տարածաշրջանի բարօրության օգտագործելով առկա հնարավորությունները, մենք կկարողանանք էլ ավելի ընդլայնել արդյունավետ երկկողմ համագործակցությունը մեր երկրների միջև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Ձեզ մաղթում եմ առողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր գործունեության մեջ, իսկ բարեկամ և եղբայրական վրաց ժողովրդին՝ տևական խաղաղություն ու բարօրություն»։