ԱԳ նախարարը Բրյուսելում հանդիպումներ կունենա

Հուլիսի 18-19-ը Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Այս տեղեկությունը տարածել է ԱԳՆ-ն:

Այցի շրջանակներում ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա ԵՄ կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի ու Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրեն Գերտ Յան Քոմփնի հետ:

Ըստ հաղորդագրության՝ հանդիպումների ընթացքում կքննարկվեն Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգը, հիմնական շեշտը դրվելու է տարեվերջին Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու, ինչպես նաև Եվրահանձնաժողովի սահմանած 12 առաջնահերթությունների կատարման առումով երկրի ձեռք բերած առաջընթացը:

«Այս համատեքստում ուշադրությունը կկենտրոնանա Եվրահանձնաժողովի բանավոր զեկույցի վրա՝ Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի դիմումի վերաբերյալ, որտեղ ուրվագծված է Վրաստանի առաջընթացը տարբեր ուղղություններով, ինչպես նաև փետրվարին Եվրահանձնաժողովի հրապարակած վերլուծական զեկույցը, որը դրական է գնահատում Վրաստանի ջանքերն ու առաջընթացը Եվրամիության հետ օրենսդրական մերձեցման համատեքստում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպումների շրջանակում հատուկ ուշադրություն կդարձվի Եվրամիության հետ ոլորտային մերձեցման գործընթացին։ Միաժամանակ կգնահատվի Վրաստանի և Եվրամիության միջև բարձր մակարդակի այցերի դրական դինամիկան։