Եվրամիության ներկայացուցչությունն արձագանքել է «Ապաօլիգարխացման մասին» օրինագծին

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունն արձագանքել է «Ապաօլիգարխացման մասին» օրինագծին:

Ներկայացուցչությունը նշել է, որ մինչև օրինագծի ընդունումը պետք է պահանջել և կատարել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը։

««Ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագիծն անցել է երկրորդ ընթերցմամբ: Մենք կրկնում ենք մեր խիստ կարծիքը, որ մինչ այս օրենքի ընդունումը պետք է պահանջել և կատարել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը»,- պնդել են Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունից:

Հիշեցնենք, որ մինչ այդ աշխատանքային այցով Վրաստանում գտնվող հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը Թբիլիսի կատարած այցի ժամանակ նշել էր, որ Վրաստանը պետք է ընդունի «Ապաօլիգարխացման մասին» օրենք, որն արդյունավետ կլինի այդ խնդրի լուծման համար։

Նշենք, որ «Ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագիծը խորհրդարանն ընդունեց առաջին ընթերցմամբ, իսկ իրավական հարցերի հանձնաժողովը՝ երկու ընթերցմամբ։ Նոյեմբերի 11-ին հանձնաժողովը կարծիք հայտնեց, որ նախագիծը պետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով՝ մինչ ընդունումը։

Ընդգծենք նաև, որ «ապաօլիգարխացումն» այն 12 կետերից մեկն է, որը պետք է կատարի Վրաստանը՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Վրաստանի խորհրդարանն արդեն ընդունել է Ուկրաինայում հաստատված օրենքի վրացական տարբերակը երկու ընթերցմամբ։

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր կուսակցություններից շատերը կարծում են, որ երկրում միայն մեկ օլիգարխ կա, և դա «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին է: