Դատարանը գոյություն չունեցող հոդված է օգտագործել

Թբիլիսիի քաղաքային դատարանը նոյեմբերի 18-ի հանրահավաքի ժամանակ ձերբակալված անձանց վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ մեջբերելով Սահմանադրության մի հոդված, որը գոյություն չունի:

«Ըստ Վրաստանի Սահմանադրության 84-րդ հոդվածի, դատավորն իր գործում անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը և օրենքին: Դատավորի վրա ցանկացած ազդեցություն կամ նրա որոշման վրա ազդելու իր աշխատանքին միջամտելը օրենքով արգելված է և պատժելի: Որևէ մեկն իրավունք չունի դատավորից որևէ գործի վերաբերյալ զեկույց պահանջել: Դատարանի որոշումը կարող է չեղարկվել, բեկանվել կամ կասեցվել միայն դատարանի օրենսդրությամբ սահմանված կարգով», — ասված է հայտարարությունում:

Սխալը նկատել էր սահմանադրագետ Գիորգի Մշվենիերաձեն, ով Facebook-ի իր էջում գրել է. «Ինչ-որ մեկը նրանց կարող է բացատրել, որ դեկտեմբերին կլրանա նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելու մեկ տարին, իսկ 84-րդ հոդված նոր Սահմանադրությունում գոյություն չունի: Ինչպիսի ողբալի վիճակում են նրանք»:

Վերջերս տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունից հետո դատավորի հարցը կարգավորվում է Սահմանադրության 63-րդ հոդվածով, որի առաջին մասում ասվում է.

«Դատավորն իր գործում անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը և օրենքին: Դատավորի վրա ցանկացած ազդեցություն կամ նրա որոշման վրա ազդելու իր աշխատանքին միջամտելը օրենքով արգելված է և պատժելի: Ոչ ոք իրավունք չունի դատավորից որևէ գործի վերաբերյալ զեկույց պահանջել: Դատավորի անկախությունը սահմանափակող բոլոր գործողությունները անվավեր են»:

Մշվենիերաձեի Facebook-ում տեղադրելուց հետո դատարանի կայքում սխալն ուղղվել է՝ հոդվածի համարն ամբողջությամբ հանվել է տեքստից:

Հիշեցնենք՝ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Վալերիան Ֆիլիշվիլին նոյեմբերի 20-ին հրապարակել է նոյեմբերի 18-ին բերման ենթարկվածներից ևս վեցի գործերով վճիռները։ Նրանք մեղադրվում են իրավապահ մարմինների օրինական պահանջներին չենթարկվելու և խուլիգանության մեջ:

Նոյեմբերի 18-ին ընդհանուր առմամբ 37 մարդ է ձերբակալվել: Նրանցից 25-ի դատական գործը հետաձգվել է: Լսումների ամսաթիվը հայտնի կդառնա ավելի ուշ:

Նոյեմբերի 20-ին դատավորը ձերբակալվածներին ազատ է արձակել մինչ վերջնական որոշում կայացնելը: