ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև Սաակաշվիլիի առողջական խնդրին

Վրաստանում գտնվող Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի խոսքով, իր վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը։

Նրա խոսքով՝ Լեհաստանը փորձում է կառուցողական լուծում գտնել։

«Ընթացիկ շաբաթվա ընթացքում Եվրոպական խորհրդի պատվավոր հյուրն էր նախարար Դարչիաշվիլին։ Բնական և ակնհայտ է, որ մեր այսօրվա զրույցը Բրյուսելում կայացած խորհրդակցությունների շարունակությունն են և վերաբերում են ինչպես Վրաստանի եվրաինտեգրման, այնպես էլ Եվրոպայի անվտանգության խնդիրներին՝ ՆԱՏՕ-ի վիլնյուսյան գագաթնաժողովի համատեքստում։

Մենք քննարկել ենք նաև նախկին նախագահ Սաակաշվիլիի առողջական վիճակին առնչվող խնդիրները։ Այս բոլոր հարցերում Լեհաստանը փորձում է կառուցողական լուծում գտնել և ամենայն աջակցություն ցուցաբերել Վրաստանին։ Որովհետև մենք խորապես հավատում ենք, որ լեհ-վրացական համագործակցությունը ծառայում է մեր երկրների, Եվրոպայի և ազատ համաշխարհային հանրության ազգային և անվտանգության շահերին։ Եվս մեկ անգամ, հարգելի Իլյա, շնորհակալություն այս շատ կառուցողական հանդիպման համար»,- ասել է Ռաուն։

Ինչպես հայտնի է, Լեհաստանը պատրաստ է բուժման նպատակով ընդունել Սաակաշվիլիին։ Այդ պատրաստակամության մասին փետրվարին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին։