Աղքյորփիի, Օփրեթիի և Չանախչիի տրանսպորտի խնդիրը կլուծվի

Մառնեուլիի շրջանի վրաց-հայկական սահմանին գտնվող երեք հայաբնակ գյուղեր՝ Աղքյորփի, Օփրեթի և Չանախչի արդեն երկրորդ շաբաթն է, ինչ հասարակական տրանսպորտ չի գնում։

Նշված գյուղերը Մառնուլիից շուրջ 60 կմ հեռավորության վրա են գտնվում։

Նշենք, որ գյուղի բնակիչները հասարակական տրանսպորտից օգտվում էին շաբաթը երեք անգամ, հետևաբար միայն երեք օր հնարավորություն ունեին գնալ շրջկենտրոն և լուծել իրենց խնդիրները։

Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում հաստատում է լուրն ու վստահեցնում, որ մոտ օրերս տրանսպորտի խնդիրը կլուծվի։

«Տրանսպորտի հազվադեպ հասանելի մաս էր խափանվել, այդ մասի դեֆիցիտ էր, սակայն այն արդեն գնվել է քաղաքապետարանի կողմից» , — ասում է Հախվերդյանը։

MarneuliFM-ի փոխանցմամբ՝ Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքային տրանսպորտի ղեկավար Գիգա Ջանաղոլիան խնդիրը կապել է հիշյալ գյուղերի դժվար ռելիեֆով, այդ պատճառով այս գյուղերի ուղղությամբ բոլոր տրանսպորտային միջոցներին չէ, որ թույլատրվում է երթևեկել։