Ագրեսիայի ուղղությունից անկախ` ՆԱՏՕ-ն պարտավոր է գործել. նախարար

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի խոսքով, նշանակություն չունի, թե ՆԱՏՕ-ի դեմ ագրեսիան որ կողմից կլինի, դաշինքը պարտավոր է գործել։

Նա այսպես է արձագանքել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հայտարարությանը։ Կոլոմինան ասել է՝ եթե Օչամչիրեում (Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Օչամչիրե քաղաքում- խմբ.) Ռուսաստանի ստեղծելիք ռազմաբազայից հարձակվեն ՆԱՏՕ-ի վրա, ապա դաշինքը կգործի։

«Ընդհանուր առմամբ, մենք օգտագործում ենք բոլոր միջազգային մեխանիզմները սրա (Օչամչիրեում ռուսական ռազմաբազայի- խմբ.) դեմ բողոքելու համար… Մենք օգտագործում ենք բոլոր միջազգային մեխանիզմները՝ բողոքելով բոլոր անօրինական գործողությունների դեմ»,- ասել է նախարարը:

Ի դեպ, Վրաստանի «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում Կոլոմինան ասել է՝ եթե ՆԱՏՕ-ն հարձակվի Օչամչիրեում Ռուսաստանի ստեղծելիք ռազմաբազայից, ապա դաշինքը կգործի։ Նրա խոսքով, սևծովյան տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար և դաշինքի ռազմական ծրագրերի բաղկացուցիչ մասն է։

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան հոկտեմբերի 5-ին հայտարարել է, որ Օչամչիրե քաղաքում ​​ռուսական ռազմածովային մշտական բազա կստեղծվի:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) մտահոգությունն է հայտնել Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Օչամչիրե քաղաքում ռուսական ռազմածովային նավատորմի բազայի տեղակայման հեռանկարի առնչությամբ։ ԱԳՆ-ն նշել է՝ նմանատիպ գործողությունները «հերթական սադրիչ փորձն են՝ ուղղված Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների անօրինական օկուպացիայի օրինականացմանը»։

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել, որով, ի թիվս այլ խնդիրների, դատապարտել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի/Ցխինվալիի շրջանի օկուպացիան և օկուպացված Օչամչիրե քաղաքում ռազմածովային բազա կառուցելու Մոսկվայի ցանկությունը։ Բանաձևի անվանումն է՝ «Սևծովյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդում՝  Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ ռազմական ներխուժումից հետո»։

Վրաստանի քաղհասարակությունը և վերլուծաբանները Մոսկվայի այս քայլը քննադատել են: Ըստ նրանց՝ ռուսական սևծովյան նավատորմը և դրա ենթակառուցվածքը ուկրաինացիների հարվածների պատճառով լքում են Ղրիմը ու տեղափոխվում Վրաստան, և նրանք կտեղակայվեն Վրաստանից չվերահսկվող Գուդաութայում, Սոխումիում և Օչամչիրեում: