Ամանորը Վրաստանում՝ գնաճի ֆոնին

Վրաստանի մի շարք քաղաքներում, Թբիլիսիում` նույնպես, նախատոնական տրամադրություն է։ Քաղաքացիների մի մասը պատրաստվում է նշել ամանորը, ոմանք էլ՝ ոչ։ Այսուհանդերձ, շատերն են նշում,  որ գնաճը բացասական ազդեցություն է ունեցել ամանորյա գնումների վրա։ Ըստ «Ալիք Մեդիայի» Թբիլիսիում անցկացրած հարցման` բնակիչների մի մասին անհանգստացնում է սննդամթերքի շուկայի անկայունությունը։

Հարցվածներից մեկը՝ թոշակառու Մզիա Ամիխանիշվիլին, «Ալիք Մեդիայի» հարցին ի պատասխան, ասաց, որ վերջին շրջանում մայրաքաղաքում սննդամթերքը շատ է թանկացել, և իր թոշակը չի բավականացնում անգամ դեղամիջոց գնելուն, ուր մնաց` ամանորը նշի․

«Այս տարի գրեթե բոլոր ապրանքներն են թանկացել, այն էլ` մի քանի անգամ։ Ես թոշակառու եմ, անգամ թոշակս դեղեր գնելու համար չի բավականացնում, ու եթե դեղ գնեմ` ուտելիք չեմ կարող գնել, և ամանորի ծախսերի մասին խոսելն անիմաստ է. Վրաստանում թոշակառուն իրեն նման ճոխություն թույլ տալ չի կարող», — ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի, որ տնային տնտեսուհի ներկայացավ, հաստատեց, որ այս տարի` այլ տարիների համեմատ, մթերքները շատ են թանկացել․ «Կարծում եմ, մեր սեղաններն էլ ավելի համեստ կլինեն։ Ինձ համար ուտելիքից ավելի կարևոր են լավ ուրախանալն ու ժամանցը, չնայած ավանդական սեղաններ ունենում ենք»։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ ամանոր նշելու համար շատերն օգտագործում են իրենց 2-3 ամսվա եկամուտը:

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) դեկտեմբերի 2-ին հրապարակած տվյալներով, 2022 թվականի նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 10,4 տոկոս, իսկ նախորդ ամսվա համեմատ գներն աճել են 0,5 տոկոսով։

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների խմբում գներն աճել են հիմնականում հետևյալ ենթախմբերում՝ բանջարեղեն (26 տոկոս), հաց և հացաբուլկեղեն (23,8 տոկոս), հանքային և աղբյուրի ջուր, ոչ ալկոհոլային ըմպելիքներ և բնական հյութեր (22 տոկոս), սուրճ, թեյ և կակաո (19,5 տոկոս), կաթ, պանիր և ձու (18,3 տոկոս), շաքարավազ և քաղցրավենիք (15,7 տոկոս), ձուկ (13,6 տոկոս), ձեթ և ճարպ (10,1 տոկոս), միս և մսամթերք (9,1 տոկոս), միրգ (6,9 տոկոս)։

Տնտեսագետ Գիորգի Իսակաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ ամանորի թանկացումները պայմանավորված են մեծ պահանջարկով. որքան պահանջարկն ավելանում է, այնքան էլ մասնավոր սեկտորի գործարարները թանկացնում են ապրանքը․

«Այս տարի գնաճ գրանցվել է, դա ժխտել չենք կարող։ Չնայած վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բազմիցս հայտարարում է երկնիշ տնտեսական աճի մասին, բայց գնաճն ակնհայտ է։ Ամանորի ընթացքում մարդիկ սովորական օրերից ավելի շատ մթերք են գնում, գնաճն ավելի ակնառու է դառնում, և շատերը դժվարանում են գնել որոշ բաներ, ըստ այդմ` ավելի զուսպ են նշում»։

Թբիլիսիի բնակիչների հետ անցկացրած հարցումը դիտեք ամբողջությամբ․