Ամերիկյան ռազմաբազաներ Վրաստանում. ՊՆ-ն հերքում է

Սեպտեմբերի 12-ին ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաալիքը հայտնել էր, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը 2 տարի առաջ հրաժարվել է երկրում ամերիկյան ռազմաբազաներ տեղակայել։

Հեռուստաալիքի տվյալներով, 2021 թվականի հոկտեմբերին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը «աննախադեպ առաջարկով» ժամանել է Թբիլիսի։ Նաև նշվում է, որ ԱՄՆ-ը պատրաստ էր Վրաստանում բացել ամերիկյան լիարժեք ռազմաբազա։

Ըստ նրանց հաղորդումների՝ դա կլիներ 1 800 զինվորներից բաղկացած զորախումբ, որը, ըստ իրենց իսկ հաղորդումների՝ անմիջականորեն պատասխանատու էր լինելու Վրաստանի անվտանգության համար։

Հանրային հեռարձակող ընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ Լիկա Բասիլաիա-Շավգուլիձեն «Մթավարի արխի»-ի հաղորդման մեջ ասում է, որ իր տեղեկություններով՝ ԱՄՆ-ն այս հարցի շուրջ հանդիպումներ է ունեցել, սակայն «Վրացական երազանքի» կառավարությունն ընտրել է Ռուսաստանին չհրահրելու քաղաքականությունը:

Իշխանության արձագանքը

Այս պնդմանն արձագանքել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն: Նա կոնկրետ պատասխան չի տվել հարցին, թե արդյո՞ք դա ճիշտ է, թե՝ ոչ, սակայն նշել է, որ տեղեկատվության աղբյուրը լուրջ չէ։ Նրա խոսքով, ոչ մի բազա անվտանգության երաշխիք չէ, և «միակ բանը, որը կարող է երաշխավորել Վրաստանի անվտանգությունը, ՆԱՏՕ-ին անդամակցությունն է»։

ՊՆ-ն հերքում է

Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ)՝ ԱՄՆ ռազմաբազաների հետ կապված պատմությունն «իր բովանդակությամբ ամբողջովին սուտ է»։ ՊՆ-ի հավաստամամբ՝ տեղեկությունը տարածել է քաղաքական կողմնակալ անձը, որի նպատակը ապատեղեկատվական արշավի հիմքը դնելն է։ Նախարարությունը հորդորում է հանրությանը` հավատալ ստուգված տեղեկատվությանը։

Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը

ԱՄՆ-ը չի առաջարկել Վրաստանում ամերիկյան ռազմաբազա ստեղծել, ասված է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

Իր հայտարարությամբ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է ամերիկյան բազաների վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը։

«ԱՄՆ-Վրաստան պաշտպանական հարաբերությունները հիմնված են եղել և շարունակում են հիմնված լինել փոխգործունակության ամրապնդման և Վրաստանին աջակցելու վրա՝ հետագա ագրեսիան զսպելու և նրա ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար, ինչն ավելի լավ է պատրաստում Վրաստանին` ՆԱՏՕ-ին անդամակցելու համար»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։