ԱՄՆ դեսպանատունը մտահոգված է Գվարամիայի գործով

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը արձագանքել է ընդդիմադիր «Մթվավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիայի գործին:

ԱՄՆ դեսպանատունը ևս մեկ անգամ իր խորը մտահոգությունն է հայտնել Գվարամիայի կալանավորման կապակցությամբ։ Հայտարարության մեջ նշվում է՝ արդյունավետ ժողովրդավարությունը հիմնված է լրատվամիջոցների ազատության պաշտպանության և քաղաքական դրդապատճառներով հետապնդումների կանխարգելման վրա։

Ըստ դեսպանատան՝ ընտրովի արդարադատությունը և դրա քաղաքականացված լինելը վտանգի տակ է դնում Վրաստանի եվրոպական ապագան ու խաթարում օրենքի գերակայությունը, սահմանադրությամբ պաշտպանված մարդու իրավունքները և բուն ժողովրդավարությունը:

«Ամերիկայի Միացյալ Նահանգներն ի սկզբանե բարձրացրել է հարցը և մտահոգություն հայտնել հիշյալ գործի վերաբերյալ՝ ներառյալ մեղադրանքի ժամկետը և բովանդակությունը, ինչպես նաև դատավճիռը։ Նման մտահոգություն են հայտնել միջազգային և վրացի մի շարք իրավապաշտպաններ»,- նշված է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

Ի դեպ, հունիսի 19-ին հայտնի դարձավ, որ Վրաստանի գերագույն դատարանը Գվարամիայի պատիժը վերանայելու հայցն անընդունելի է ճանաչել: