ԱՄՆ դեսպանությունն անդրադարձել է TBC Bank-ի համահիմնադիրների գործին

ԱՄՆ դեսպանությունն անդրադարձել է TBC Bank-ի համահիմնադիրների գործին՝ անհանգստություն հայտնելով այս գործով մեղադրանք առաջադրելու հարցով։

Դրա հետ մեկտեղ, դեսպանությունը շեշտում է, որ ԱՄՆ-ն աջակցում է Անակլիայի նավահանգստի ծրագրին, որը և ԱՄՆ ներդրումների գլխավոր աղբյուրներից մեկն է Վրաստանում:

«Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի դատախազության կողմից “TBC bank”-ի համահիմնադիրներ` Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի հանդեպ առաջադրված քրեական մեղադրանքների շուրջ զարգացող իրադարձություններին: Մեր անհանգստությունն ենք հայտնում մեղադրանք առաջադրելու կոնտեքստի և ժամանակի հետ կապված հանգամանքների վերաբերյալ:

Անաչառ և թափանցիկ իրավական համակարգը, որն ազատ է քաղաքական ազդեցություններից, շատ կարևոր է Վրաստանի արևմտյան ինտեգրման և օտարերկրյա ներդրողներին ներգրավման գործում:

Մենք շարունակում ենք աջակցել Անակլիայի նավահանգստի կառուցմանը, որը ամերիկյան ներդրումների կարևոր աղբյուր է Վրաստանում և որը երկրի տնտեսական աճի աջակցման ներուժ ունի»,- ասվում է դեսպանության հայտարարությունում: