ԱՄՆ-ն ավելացնում է Վրաստանին տրամադրվող ռազմական օգնությունը

ԱՄՆ-ը 33 մլն դոլարով ավելացնում է Վրաստանին տրամադրվող ռազմական օգնությունը: Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարներ (ՊՆ) Լլոյդ Օսթինի և Ջուանշեր Բուրճուլաձեի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի 9-ին՝ Վաշինգտոնում։

Ըստ Պենտագոնի՝ Օսթինը հաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել Վրաստանին՝ ուժեղացնելու նրա պաշտպանական ներուժը։ Նախարարները քննարկել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, Վրաստանում և Հարավային Կովկասում անվտանգության մարտահրավերներն ու Վրաստանի պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումները։

Հանդիպումից առաջ Օսթինը ընդգծել է Վրաստանի զգալի ներդրումը համաշխարհային անվտանգության և Կոսովոյում, Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինված ուժերին աջակցող վրացի զինվորների ծառայության գործում: Օսթինի խոսքով՝ ԱՄՆ-ը բարձր է գնահատում Վրաստանի դերը Հարավային Կովկասի և ամբողջ աշխարհի անվտանգության և կայունության հարցում:

Բուրճուլաձեն ասել է, որ միասնությունը երբեք ավելի կարևոր չի եղել, քան այսօր, երբ խաղաղությունը, կայունությունը և ժողովրդավարական աշխարհի կանոնների վրա հիմնված միջազգային կարգը մարտահրավեր են նետում՝ Ռուսաստանի կողմից տարածքների անհիմն, անօրինական և դաժան օկուպացիայի պատճառով:

Վրաստանի ՊՆ նախարարի խոսքով, Վրաստանի ժողովուրդը և կառավարությունը առաջնահերթ են  համարում ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը, որն անչափ կարևոր է Վրաստանի պաշտպանության, խաղաղ ու կայուն զարգացման համար։ Ըստ Բուրճուլաձեի՝ Վրաստանը ԱՄՆ-ի հուսալի դաշնակիցն է և գլխավոր գործընկերը թե՛ տարածաշրջանում, թե՛ գլոբալ առումով։