ԱՄՆ-ն կհետևի Վրաստան-Չինաստան հետագա քայլերին. Պետդեպ

ԱՄՆ պետդեպարտամենտն արձագանքել է Վրաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերությանը և հայտարարել, որ շարունակելու են հետևել հետագա քայլերին։

Պետդեպը նշել է՝ ոչինչ չունեն Վրաստանում այլ երկրների, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներդրումների դեմ:

«Մեր մտահոգության պատճառն այլ է. մենք պետք է վստահ լինենք, որ այդ գործողություններն իրականացվում են թափանցիկ՝ օրենքի գերակայությանը համապատասխան, կայուն ֆինանսավորմամբ և օգնություն ստացողների ինքնավարության հարգմամբ՝ բացառելով ցանկացած տեսակի քաղաքական պայմաններ։

Ի վերջո, երկրներն են կայացնում իրենց ինքնիշխան որոշումները, թե ում հետ են ցանկանում բիզնես անել կամ ներդրումներ կատարել: Այնուամենայնիվ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը հաճախ խոստումներ է տալիս դիվանագիտական ​​ճանաչումների առումով, որոնք, ի վերջո, մնում են անկատար»,- Accent.ge-ին հայտնել են Պետդեպից:

Ի դեպ, պաշտոնական այցով Չինաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ելույթ է ունեցել Չինաստան-Վրաստան գործարար համաժողովում։ Նա իր անկեղծ ուրախությունն է հայտնել «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում Չինաստանի և Վրաստանի կառավարությունների միջև երկկողմ համագործակցության ծրագրի ստորագրման կապակցությամբ։

Վարչապետը նշել է՝ վստահ է, որ այս նորարարական փաստաթուղթը կնպաստի Չինաստանի և Վրաստանի միջև շահավետ համագործակցությանը։

Վրաստանը՝ տարածաշրջանային տարանցիկ և լոգիստիկ հանգույց. Ղարիբաշվիլիի ուղերձը Չինաստանից