ԱՄՆ պետդեպը՝ ՌԴ-Վրաստան լաստանավային փոխադրումների գործարկման մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է Երևանի այն հայտարարությանը, ըստ որի՝ մոտ ժամանակներս կգործարկվեն լաստանավային փոխադրումներ Ռուսաստանի և Վրաստանի միջև, և Հայաստանի բեռնափոխադրողները կկարողանան օգտվել դրանից, հայտնում է Accent-ը:

Պետդեպարտամենտն ընդգծել է, որ ԱՄՆ-ը սերտորեն համագործակցում է իր գործընկերների հետ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իրականացման հարցում։ Միաժամանակ Վաշինգտոնն աջակցում է կենսական նշանակություն ունեցող ապրանքների հոսքին։

«Միացյալ Նահանգները և նրա գործընկերները սերտորեն համագործակցում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու և այնուհետև կիրառելու Ուկրաինայում նրա չհրահրված պատերազմի համար»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակը։

Հիշեցնենք, որ մոտ ապագայում Ռուսաստանի և Վրաստանի միջև լաստանավային փոխադրումների չեղարկման մասին տեղեկությունն ի սկզբանե տարածվել էր հայկական կողմից։ Մասնավորապես, օգոստոսի 12-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր, որ Հայաստանն ակնկալում է մի քանի օրից սկսել բեռնափոխադրումները Ռուսաստանի և Վրաստանի միջև:

«Հիմա վերջնական աշխատանքներ ենք տանում, առաջիկայում ժամանակացույցը կհրապարակվի»,- ասել էր Քերոբյանը:

Ավելի ուշ Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է վրացական կողմին՝ ծովային տրանսպորտ ստեղծելու խնդրանքով, և դրա պատճառը «Լարսի սահմանային անցակետում գերբեռնվածությունն է»։