Վրաց-աբխազական «բաժանարար» գծի մոտ բնակվողները ծանր վիճակում են

Վրաստանում գործող «Սոցիալական արդարության կենտրոն» հասարակական կազմակերպության (ՀԿ) տվյալներով՝ իրենք այցելել են Զուգդիդիի և Ծալենջիխաձիի մունիցիպալիտետների, այսպես կոչված, բաժանարար գծերի մոտ գտնվող Խուրչա և Փախուլանի գյուղեր և ծանոթացել տեղի բնակչության առօրյա խնդիրներին։

Խնդիրներից մեկը, ըստ տեղացիների, այն է, որ չեն կարողանում անցնել Աբխազիայի շրջանը Վրաստանի մյուս բնակավայրերին կապող Փախուլանի-Սաբերիո «անցակետը»: Բնակիչները պատմել են, որ անհրաժեշտ «ճամփորդական փաստաթղթերի» բացակայության պատճառով չեն կարող այցելել Գալիի հարևան գյուղեր և տեսակցել իրենց հարազատներին։

Խնդիրներ կան նաև Խուրչա գյուղում, որտեղ 2017 թվականի մարտից չեղյալ է հայտարարվել գործող Խուրչա-Նաբակևի «անցակետը»՝ այդպիսով ամբողջությամբ կտրելով Գալիի և Խուրչայի բնակիչների միջև կապը։

Ըստ ՀԿ-ի հաղորդման` երկու գյուղերի բնակիչներն էլ իրենց զրույցներում պնդել են, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո իրենց իրավական ու սոցիալական դրությունը վատացել է, և իրավիճակը տարիների ընթացքում ավելի է բարդանում։

Վատթարացումը հատկապես ընդգծվում է Աբխազիայի տարածաշրջանի հետ ազատ տեղաշարժի սահմանափակմամբ և դրա հետ կապված սոցիալ-տնտեսական կապերի խզմամբ։ Սոցիալական ծանր վիճակի պատճառով երկու գյուղերից էլ արտագաղթը մեծ է, որի հետևանքը բնակչության թվի նվազումն է։ Այս գյուղերում բնակչության եկամտի հիմնական աղբյուրը պնդուկի մշակությունն է, որի գինը տարեցտարի նվազում է՝ ըստ բերքի որակի։

Ըստ ՀԿ-ի հայտարարության՝ տեղի կառավարությունը հատուկ սոցիալական ծրագրեր չունի այս համայնքների բաժանարար գծի երկայնքով գտնվող գյուղերի համար՝ փոխհատուցելու պատերազմի վնասը և հակամարտության գոտում մեղմելու կենսական խոցելի իրականությունը։

Օգոստոսյան պատերազմից 14 տարի անց․ քաղած դասերն ու անելիքները՝ ըստ նախկին օմբուդսմենի