Օգոստոսյան պատերազմից 14 տարի անց․ քաղած դասերն ու անելիքները՝ ըստ նախկին օմբուդսմենի

Այսօր լրանում է օգոստոսյան պատերազմի 14-րդ տարին: 2008 թվականի ամռանը Ցխինվալիի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ:

«2008-ի պատերազմն ունեցավ իր առաջնորդները. Ռուսաստանն օգտվեց այն ժամանակվա կառավարության ռազմատենչ կեցվածքից՝ հրահրելով հակամարտությունը և սրելով այն, վերսկսելով ռազմական գործողություններ և զինված ուժեր մտցնելով, ագրեսիա իրականացրեց Վրաստանի դեմ, ոտնահարեց երկրի ինքնիշխանությունը»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ամփոփելով 2008 թվականի պատերազմի հետևանքները, պատերազմի 14-րդ տարելիցը, ասում է «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտի» հիմնադիր, հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին:

Նանուաշվիլիի խոսքով, Ռուսաստանը Վրաստանի տարածքում պատերազմ է սկսել դեռ 1921 թվականին, որն ավարտվել է Վրաստանի օկուպացմամբ։ Այդ ժամանակից ի վեր, չնայած անկախության հռչակմանը, Ռուսաստանը դեռևս պահպանում էր ռազմական բազաները Վրաստանի տարածքում և նպաստում էր հակամարտությունների հրահրմանը Աբխազիայում և Հարավային Օսիայի շրջանում։

Խոսելով 2008 թվականի պատերազմից հետո Ռուսաստանի դեմ Վրաստանի դիրքի մեծացման մասին՝ Նանուշվիլին ասում է, որ 2021 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել 2008 թվականի պատերազմի վերաբերյալ, որտեղ նշվում է Ռուսաստանի պատասխանատվությունը տեղի ունեցած իրադարձություններում, նաև ընդգծվում է Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների կոպտագույն խախտումների մասին։

«Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից օգոստոսյան պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների հետաքննությունը դեռ չի ավարտվել։ Կարևոր է, որ այս գործընթացը սկսվել է, բայց ցավալի է, որ 14 տարի անց նոր միայն ավելի արդիական է դարձել այն որոշումը, որը պետք է կայացվեր շատ ավելի վաղ՝ բացահայտելու ենթադրյալ հանցագործներին»,- ասում է Նանուշվիլին՝ հավելելով՝ դեպքից 8 տարի անց սկսված հետաքննությունը, անխոս, դժվարացնում է իրականությունը պարզելը։

Նա ընդգծում է՝ հաշվի առնելով վերոնշյալ փաստը՝ կարևոր է քաղաքացիական հասարակության և պետության ակտիվությունը, որպեսզի և՛ քննչական գործընթացը, և՛ դրա արդյունքները լինեն համարժեք։ Այս գործընթացում կարևոր է պաշտպանել պատերազմից տուժած քաղաքացիների իրավունքները։ Մարդու իրավունքների կոպիտ խախտումները շարունակվում են նույնիսկ պատերազմից հետո՝ օկուպացիայի պայմաններում։ Կարևոր է հոգ տանել քաղաքացիների անվտանգության վիճակի բարելավման մասին.

«Իշխանությունները պետք է ավելի ակտիվ լինեն և մոբիլիզացվեն, որպեսզի պետությունը պատշաճ ներկայացված լինի, դատական ​​գործընթացը հասցնի մինչև վերջ՝ կարողանալով ապացուցել ճշմարտությունը»:

Նա նաև նկատում է, որ պատերազմը և զինված հակամարտությունները զգալիորեն խոչընդոտել են Վրաստանի բուռն զարգացմանը։

«Ամենաբացասականը, ինքնին, ազդեց ռազմական գործողություններից անմիջականորեն տուժած բնակչության բարեկեցության և իրավունքների վրա: Տեղահանվածների և օկուպացված շրջաններում ապրող մարդկանց վիճակը օրեցօր վատանում է։ Կառավարությունը պետք է ակտիվորեն բարձրացնի այս հարցը միջազգային ասպարեզում»,- նկատում է Նանուաշվիլին:

Նախկին օմբուդսմենի խոսքով, շատերն ուղղակիորեն տուժել են պատերազմից, պատերազմի պատճառած բարոյական և նյութական կորուստներից, ուստի Վրաստանի ցանկացած կառավարություն պարտավոր է արդյունավետ քայլեր ձեռնարկել նրանց ոտնահարված իրավունքները վերականգնելու և հակամարտող հասարակություններին հաշտեցնելու համար։

«Պատերազմի հազարավոր տուժածներն այսօր էլ վատթարագույն վիճակում են, հիասթափության պահ կա, քանի որ անցել են երկար տարիներ, իրավիճակը չի փոխվել։ Այն, որ հետաքննություն չկա, կոնկրետ արդյունքներն արդիական չեն, քանի որ 2008-ին տեղի ունեցած պատերազմական հանցագործությունները, իհարկե, բացասաբար են անդրադառնում տուժածների տրամադրության վրա»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Վրաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպանը:

«Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտի» հիմնադիրը նկատում է՝ ցանկացած սոցիալական կամ տնտեսական նախագիծ պետք է հասանելի լինի Աբխազիայի և Հարավային Օսիայի, ինչպես նաև Վրաստանի մյուս շրջանների բնակչությանը:

«Վրաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ 90-ականների հակամարտություններից և ռուսական օկուպացիայից աբխազներն ու օսերը վրացիներից ոչ պակաս են տուժել։ Անմիջապես այս տարածքներում տեղի են ունեցել զինված դիմակայություններ, շատերը դարձել են դրանց անմիջական զոհը։ Տարիների ընթացքում վատթարացել է առողջապահության և կրթության որակը, լայնածավալ է դարձել կոռուպցիան, հանցագործությունը, բնակչությունը լիովին խոցելի է ավտորիտար կառավարման համար, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և նրանց անդամները մշտական ​​ճնշման տակ են», — ասում է Նանուաշվիլին:

Նանուաշվիլին ասում է, որ բացի այդ, ՄԻԵԴ-ի հաստատված պրակտիկայի համաձայն, պետությունը, որի տարածքը վերահսկվում է այլ պետության կողմից, դեռևս պարտավորություն ունի ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը իր կողմից չվերահսկվող տարածքում։

Նաև նշում է՝ չպետք է մոռանալ, որ վրացական, աբխազական և օսական հասարակությունները քայքայվել են արյունալի պատերազմի և նրանց իրավունքների զանգվածային ոտնահարման հետևանքով։ Միմյանց նկատմամբ հավաքական վախը դեռ ուժեղ է։

«Այս մտավախությունը, որը մի կողմի համար կարող է բացարձակապես անհիմն լինել, մյուս կողմի համար իրականություն է, նույնիսկ որոշում է նրա վերաբերմունքն ու քաղաքականությունը։ Ըստ այդմ, Վրաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության ջանքերը պետք է ուղղված լինեն միմյանց նկատմամբ վախի և կարծրատիպային վերաբերմունքի նվազեցմանը, ինչը հող և հասարակական կարծիք կպատրաստի փոխզիջումային քաղաքականության և, հետևաբար, կայուն խաղաղության համար», — ասում է Նանուաշվիլին:

Նրա խոսքով, Վրաստանը պետք է ուժեղացնի իր աջակցությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակչությանը: Ներքին տեղահանվածների, բաժանարար գծի մոտ գտնվող գյուղերի, ինչպես նաև աբխազների և օսերի իրավունքները պաշտպանելը Վրաստանի կենտրոնական իշխանության պարտավորությունն է, այլ ոչ թե բարի կամքի դրսևորումը։

Նանուաշվիլին ընդգծում է՝ Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերն անբավարար են, և պետք է ակտիվորեն սկսել ծրագրեր՝ հակամարտությունից տուժած անձանց իրավունքների պաշտպանության, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման, հակամարտությունը վերափոխելու և հաշտեցմանն ուղղված քայլեր նախապատրաստելու համար։

«Կարևոր է նաև նախկինում կատարված հանցագործությունների որոնումը և Վրաստանի տարածքում հակամարտությունների սրման պատճառ դարձած իրադարձությունների վերագնահատումը», — «Ալիք ՄԵդիայի» հետ զրույցում իր խոսքը եզրափակում է Նանուաշվիլին:

Վրաստանի դիրքորոշումը՝ Ռուսաստանը նախապես պատրաստվում էր զորքեր մտցնել ինքնավարություն, ուստի վրացական բանակը դիմել է պատասխան գործողությունների, իսկ ռուսական կողմը պնդում է, թե զորքերը տարածաշրջան են մտցվել «քաղաքացիներին և խաղաղապահներին պաշտպանելու նպատակով»:

Ըստ տարբեր տվյալների՝ պատերազմական  հինգ օրերին օսական կողմն ունեցել է 365 կորուստ վրացականը՝ 412։ Հարավային Օսիայի տարածքում գտնվող վրացական գյուղերի մոտ 80 հազար բնակիչ լքել է իր տունն ու համալրել փախստականների ու բռնի տեղահանվածների շարքերը։

Ցխինվալիի շրջանի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի խախտումները սկսվեցին 2008 թվականի հուլիսի վերջերից, մինչ օրս կողմերն իրար են մեղադրում: Մեկ շաբաթ տևած սրացումից հետո, օգոստոսի 7-ի երեկոյան նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օսական կողմի դիրքերի ուղղությամբ կրակի դադարեցման հրաման տվեց: Սակայն նույն գիշերը, վրացական խաղաղապահ գումարտակի հրամանատար Մամուկա Ղուրաշվիլին հայտարարեց, որ օսական կողմից կրակոցների վերսկսվելու պատճառով ընդունվել է Ցխինվալիի շրջանում սահմանադրական կարգի վերականգման որոշում:

Օգոստոսի 11-12-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջնորդությամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում մարտական գործողությունների դադարեցման մասին 6 կետից բաղկացած համաձայնագիր են ստորագրում:

Հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են, ավելին՝ այստեղ: