ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդիպումներ է անցկացնում Թբիլիսիում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բոնի Ջենկինի հետ քննարկել է երկրում և տարածաշրջանում առկա գործընթացները, հայտնում է նախագահի աշխատակազմը։

Հանդիպմանը քննարկվել են նաև վրաց-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացումը։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բոնի Ջենկինը ևս մեկ անգամ հաստատել է ԱՄՆ-ի լիակատար աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և լիակատար պատրաստակամություն հայտնել ամրապնդել Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը նաև այլ ուղղություններով։

Նախագահն ընդգծելով, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմը մեծ ազդեցություն է ունենում հարավկովկասյան տարածաշրջանի և Եվրոպայի անվտանգության և կայունության վրա, նշել է՝ Վրաստանն իր լիակատար համերաշխություն է հայտնում Ուկրաինային և հետևում է սահմանվող միջազգային պատժամիջոցներին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակին և Ուկրաինայում շարունակվող պատերազմի համատեքստում տեղում մարդու իրավունքների պաշտպանության առումով ստեղծված սպառնալիքներին ու ռիսկերին։

Կողմերը քննարկել են Սև ծովի և Կովկասի անվտանգության հարցերը և այդ գործընթացներում Վրաստանի դերը։

Հանդիպման ընթացքում նախագահը խոսել է հունիսին Թբիլիսիում անցկացված կանանց միջազգային համաժողովի մասին, որը նվիրված էր խաղաղության և անվտանգության խնդիրներին։ Նախագահը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին հրավիրել է հաջորդ տարի Թբիլիսիում նախատեսված միջազգային համաժողովին։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին այսօր հյուրընկալել է նաև Վրաստանի Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Նիկոլոզ Շարաձեն։

Այցի նպատակն էր ծանոթանալ Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության գործունեությանն ու հնարավորություններին, ինչպես նաև քննարկել հետագա համագործակցության հարցերը։

Նիկոլոզ Շարաձեն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին տեղեկացրել է Վրաստանի սահմանային ոստիկանության առաջնահերթ ոլորտների, առկա հնարավորությունների և իրականացվող բարեփոխումների մասին։ Հանդիպմանը կողմերը քննարկել են սահմանային ոստիկանության ուղղությամբ համագործակցության հետագա ծրագրերը։