Քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Պրահայում Եվրոպական քաղաքական միության առաջին գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, հայտնում է կառավարությունը։

Ղարիբաշվիլին վստահեցրել է, որ Վրաստանն անում է ամեն ինչ, որպեսզի հաջորդ քայլը կատարի Եվրամիությանն անդամակցելու և ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։ Նրա խոսքով, այդ նպատակով Վրաստանն անմիջապես սկսել է կատարել Եվրահանձնաժողովի կողմից հանձնարարված 12 առաջնահերթությունները։

Վարչապետն ընդգծել է, որ ներառական գործընթացը թույլ է տալիս իշխանության բոլոր թևերին, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցություններին և քաղաքացիական հասարակությանը լիարժեք ներգրավվել այն առաջնահերթությունների իրականացմանը, որոնց համար ստեղծվել են աշխատանքային խմբերը։

Հանդիպմանը շոշափվել են Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիան և նրա ազդեցությունը Վրաստանի, տարածաշրջանի և ընդհանրապես աշխարհի վրա։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Եվրամիության միջև հետագա մերձեցման և ենթակառուցվածքային հաղորդակցության հարցերը տրանսպորտի, էներգետիկայի և թվային ոլորտներում։

Վարչապետը Եվրահանձնաժողովի նախագահին հրավիրել է Վրաստան։