Անդրադարձ է եղել Սև ծովի անվտանգության խնդիրներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ավստրիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մարկետա Պերակովա Ադամովայի և Սլովակիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Բորիս Կոլարի հետ։

Տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Վրաստանի և Ավստրիայի, Չեխիայի և Սլովակիայի հանրապետությունների միջև բարեկամական հարաբերություններն ու համագործակցության լայն շրջանակը։ Ընդգծվել է, որ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը նպաստելու հետ մեկտեղ կարևոր է, որ «Սլավկովյան ձևաչափի» շրջանակներում նշված երկրների խորհրդարանների նախագահներն այցելեն Վրաստան, ինչը նրանց աջակցության դրսևորումն է։

Վրաստանի կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ երկրների քաղաքական և գործնական աջակցությունը կօգնի Վրաստանին Եվրամիությանն անդամակցելու հաջորդ փուլերում։

Ըստ հաղորդագրության՝ ուշադրություն է դարձվել այն փաստին, որ Վրաստանը սպասում է տարեվերջին թեկնածուի կարգավիճակ ստանալուն, և երկիրը ներառական, հետևողական և թափանցիկ իրականացնում է 12 առաջնահերթությունները։ Ասվել է, որ Վրաստանը մնում է Եվրամիության հուսալի գործընկերն ու անվտանգության դաշնակիցը։

«Վարչապետի խոսքով՝ Վրաստանն արժանի է թեկնածուի կարգավիճակ ստանալուն, ինչն ինքնին կնվազեցնի բևեռացումը և կնպաստի երկրի կայուն զարգացմանը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել եվրատլանտյան ինտեգրմանը և Սև ծովի անվտանգության խնդիրներին։

Ուշադրություն է դարձվել օկուպացված տարածքներում տիրող իրավիճակին։ Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ավստրիայի, Չեխիայի և Սլովակիայի հանրապետությունների խորհրդարանների նախագահներին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած ամուր աջակցության և չճանաչման քաղաքականության համար։ Նշվել է նրանց ներդրումը ԵՄ մոնիտորինգային առաքելությունում»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: