Անդրադարձել են Վրաստան-Թուրքիա ռազմավարական գործընկերությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, նահանգապետ Սեիփուլլահ Հաջիմփթուօղլուի հետ, փոխանցում է Վրաստանի կառավարությունը:

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների միջև առկա ռազմավարական գործընկերությանը և համագործակցության հետագա հեռանկարներին։ Հանդիպմանը երկուստեք ողջունել են կառավարությունների միջև առկա համագործակցությունն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու պատրաստակամություն։

Ըստ հաղորդագրության՝ ընդգծվել է, որ Վրաստանը բարձր է գնահատում Թուրքիայի ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը։

«Նշվել է, որ կարևոր է երկկողմ ռազմավարական գործընկերության հետագա խորացումը ոչ միայն քաղաքական և տնտեսական, այլ նաև անվտանգության ուղղությամբ։

Ուշադրություն է դարձվել Վրաստանի և Թուրքիայի միջև անվտանգության ոլորտում համագործակցությանը։ Ընդգծվել է այս ուղղությամբ փոխգործակցության հետագա ամրապնդման կարևորությունը տարածաշրջանի կայուն զարգացման ապահովման տեսանկյունից»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Կառավարությունում կայացած հանդիպմանը մասնակցել են Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին և Վրաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քաան Օրբայը։