Անվերահսկելի կոռուպցիա Վրաստանի շրջաններում

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) կոռուպցիայի քարտեզ է հրապարակել՝ ենթադրյալ կոռուպցիոն փաստերի վերլուծության հիման վրա եզրակացնելով, որ կոռուպցիան Վրաստանի շրջաններում անվերահսկելի է։ Կազմակերպությունը կարծում է, որ ենթադրյալ խախտումների դեպքում պետական ​​համապատասխան կառույցներն անբավարար են արձագանքում կամ ընդհանրապես չեն արձագանքում։

Կոռուպցիոն քարտեզում ընդգրկված են պաշտոնյաների և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ կապ ունեցող ընկերությունները, որոնք խոշոր պայմանագրեր են ստանում պետական ​​գնումների միջոցով։ Ըստ TI-ի՝ վերջին 10 տարիների ընթացքում այս ընկերությունները պետությունից ստացել են մինչև 2 միլիարդ 150 միլիոն լարիի պայմանագրեր։

Կոռուպցիայի նշաններ պարունակող գնումների պատկերն ըստ շրջանների հետևյալն է.

  • Աջարիա՝ 736 մլն 469 հազար 823 լարի,
  • Կախեթի՝ 421 մլն լարի,
  • Սամցխե-Ջավախեթի՝ 409 մլն 441 հազար 633 լարի,
  • Շիդա Քարթլի՝ 353 մլն 199 հազար 362 լարի,
  • Իմերեթի՝ 131 մլն 994 հազար 071 լարի,
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 96 մլն 703 հազար 744 լարի:

«Կոռուպցիոն փաստերի քանակն ու մասշտաբն այնպիսի զգացողություն է առաջացնում, որ այս երկրում կանաչ լույս է վառվել ժողովրդի հաշվին արտոնյալ մարդկանց հարստացման համար»,- գրել է ՀԿ-ն:

Կոռուպցիայի քարտեզի վրա կան տեղական «ֆեոդալներ» դարձած խորհրդարանի պատգամավորներ՝ Անզոր Բոլքվաձեն, Վիկտոր Ջափարիձեն, նաև նախկին պատգամավորներ՝ Իոսեբ Մակրախիձեն, Հենզել Մկոյանը, Ջումբեր Իզորիան։ Կան նաև տարբեր մունիցիպալիտետների քաղաքապետեր, այդ թվում՝ Սենակիի քաղաքապետ Վախթանգ Գադելիան, Զուգդիդիի քաղաքապետ Մամուկա Ծոծերիան, Ախալցիխեի նախկին քաղաքապետ Զազա Մելիքիձեն, տեղական խորհուրդների անդամներ և քաղաքապետարանի տարբեր ծառայությունների ղեկավարներ, այդ թվում՝ Ախալքալաքի մունիցիպալ ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց տնօրեն Մարտին Գաբրիելյանը: