«Սևծովյան զորավարժությունները զարգացնում են գործընկերային հարաբերությունները». Էնգլեն

ԱՄՆ վեցերորդ ռազմա-ծովային նավատորմի շտաբում (որի նավերը այս օրերին մասնակցում են Sea Breeze-2016 վարժանքներին) հայտնել են, որ ԱՄՆ-ը նպատակադրված է ամրապնդել անվտանգությունն ու կայունությունը Սև ծովի ջրերում:

Ինչպես նաև ընդլայնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ: Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Սև ծովում մեկնարկել են ԱՄՆ ԶՈւ եվրոպական հրամանատարության և ուկրաինական նավատորմերի «Sea Breeze-2016» համատեղ միջազգային զորավարժությունները: «Մեր ջանքերն այստեղ չեն սահմանափակվում անվտանգության, կայունության ու երաշխիքների շրջանակով: Մենք այստեղ ենք, որպեսզի զարգացնենք և ամրապնդենք մեր գործընկերային հարաբերությունները», — «Sea Breeze-2016» վարժանքների շտաբի ղեկավար Քենեթ Էնգլենի խոսքերն է մեջբերում «Ուկրինֆորմ»-ը:

ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչը նշել է, որ ամերիկյան զորքերի ներկայությունը Սև ծովում կրում է խաղաղ բնույթ. «Մենք պատրաստ ենք աշխատել մեր գործընկեր-պետությունների հետ տարածաշրջանում կայունություն և անվտանգության ամրապնդման համար, ինչպես նաև համաշխարհային առևտրին անհրաժեշտ անվտանգության ապահովման նպատակով»,— ասել Էնգլենը:

Զորավարժությունների շրջանակում, որոնք կշարունակվեն մինչև հուլիսի 30-ը, նախատեսվում է իրականացնել ծովային և օդային վայրէջքի առաջադրանքներ, հակադեսանտային պաշտպանության ժամանակ հրետանու մշակման, ինժեներական ստորաբաժանումների ներգրավմամբ ջրային պատնեշների հաղթահարման, մերձծովյան ուղղությամբ անվտանգության ապահովման հատուկ առաջադրանքներ: Ուկրաինական կողմից վարժանքին կմասնակցեն «Գեթման Սագայդաչնի» տիպի ֆրեգատը և «Կորեց» քարշակ-նավը:

Ընհանուր առմամբ` ծովային վարժանքներին կմասնակցի  ավելի քան 25 նավ Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից և Ռումինիայից: Հաղորդվում է նաև, որ ուկրաինական, ամերիկյան, մոլդավական և վրացական ծովային հետևակն ու հատուկջոկատայինները կմասնակցեն ՆԱՏՕ-ի ստանդարտներով ճգնաժամային տարածաշրջանների համար նախատեսված կայունացման գործողություններին:

«Sea Breeze» վարժանքներն առաջին անգամ անցկացվել են 1997 թ. Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ:

Թողնել պատասխան