«Արամյանցի հետքը Թբիլիսիում»․ Վիրահայ համայնքի նպատակներն ու առաջիկա անելիքները

Վիրահայերի միության կազմակերպմամբ, Թբիլիսիում ցուցադրվեց թբիլիսահայ մեծանուն   բարերար, գործարար Միքայել Արամյանցի մասին պատմող տեղեկատվական ֆիլմ, նաև քննարկում ընթացավ «Արամյանցի հետքը Թբիլիսիում» խորագրով։ Ներկայացված էին նաև արխիվից հանված Արամյանցի մի շարք լուսանկարները, ներառյալ` նրա տան, կառուցած շինությունների և հիանդանոցի լուսանկարները։

Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի հայ համայնքի,  Թբիլիսիի սակրեբուլոյի ներկայացուցիչներ և այլ հետաքրքրված անձինք։ Կարճամետրաժ տեղեկատվական ֆիլմի ցուցադրությունից հետո քննարկում ծավալվեց։

Միջոցառման կազմակերպիչ և Վիրահայերի միության ղեկավար Մարի Առաքելովան «Ալիք Մեդիայի» հետ զրույցում հույս հայտնեց, որ Արամյանցի 180-ամյակին ընդառաջ նախատեսվում է իր իսկ կառուցած հիվանդանոցում բացել նրա անվամբ հուշատախտակ։

«Հաջորդ տարի՝ 2023 թվականին լրանում է Միքայել Արամյանցի 180-ամյակը, ուստի, կարևորելով նրա գործունեությունը, ցանկացանք ստեղծել ֆիլմ վրաց լեզվով` հանրությանն ավելի հասանելի լինելու համար, որը կպատմեր մեծ հայի կյանքի ու գործունեության մասին, քանի որ շատ երկար ժամանակ է անցել, ու Արամյանցի վերաբերյալ տեղեկությունը ևս սուղ է։ Ֆիլմը նկարահանվել է Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ», — ասաց Առաքելովան։

Նրա փոխանցմամբ, ստեղծվել է նաև նախաձեռնող խումբ, որը կզբաղվի Արամյանցի անվամբ հուշատախտակի տեղադրման նախագծով։

«Արամյանցն ականավոր գործիչ էր, նրա մասին բնակչությունը մինչ օրս խոսում է, սակայն գիտենք, որ այսօր Վրաստանում կարծրատիպեր կան Թբիլիսիում և ամբողջ Վրաստանում հայերի թողած հետքի մասին բարձրաձայնումների նկատմամբ։ Ուստի հուսով ենք, որ այս միջոցառումը և նախագիծը սկիզբն են այդ կարծրատիպերի դեմ պայքարի և հայության իրական դերակատարությունը Վրաստանում ցույց տալու համար»։

Սակրեբուլոյի պատգամավոր Նինի Ռուխիձեն իր ելույթում նշեց, որ Արամյանցի ու նրա նման արժանավոր քաղաքացիների հիշատակը պետք է մշտապես վառ պահել․ «Նրանք այն մարդիկ են որ սիրել են այս քաղաքը, սրտացավ են գտնվել այս քաղաքի հանդեպ, և դրա հետքը մենք այսօր տեսնում ենք նրանց ստեղծած մշակութային  կոթողների միջոցով։ Մենք միշտ պատրաստ ենք աջակցել նախագծերին, որոնց գաղափարը այս մարդկանց անունների պահպանումն է»։

Թբիլիսիի սակրեբուլոյին կից գործող էթնիկ փոքրամասնությունների խորհրդի ղեկավար Ռիտա Խիդիրբեգիշվիլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ վերջերս հայ համայնքը ավելի ակտիվ է, ինչն ուրախացնում է իրեն։

«Մենք տեսանք, որ բացվեց Փարաջանովի անվան փողոց, հուսով ենք` նաև կբացվի թանգարան։ Հուսով ենք նաև, որ Արամյանցի անունը հավերժացնելու համար նույնպես համակարգված գործողությունները կկատարվեն։ Հատկանշական է, որ և՛ միջոցառմանը, և՛ ֆիլմի նկարահանմանը աջակցել է Թբիլիսիի քաղաքապետարանը։ Մենք ունենք հնարավորություն մասնակցելու քաղաքապետարանի դրամաշնորհային մրցույթին, այսինքն` կարող ենք ստանալ ֆինանսական աջակցություն և լուծել մեր խնդիրները», — ասաց Խիդիրբեգիշվիլին։

Նա հավելեց, որ ցանկալի է այդ ֆիլմը ցույց տալ հատկապես երիտասարդներին, վրացի ու այլազգի քաղաքացիների, և դա կլինի, այսպես ասած, երկկողմ համագործակցություն ու կնպաստի հանրային ինտեգրմանը։