Վրաստանի քաղաքացիներ են ներառվել ՌԴ-ի կազմած «գործակալների» ցուցակում

Эхо Кавказа նախագծի բլոգեր Դիմիտրի Մոնիավան, Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար և վարչապետ Վանո Մերաբիշվիլին, փորձագետներ Գելա Վասաձեն և Վախթանգ Մաիսաիան հայտնվել են Ռուսաստանի պետական դաշտը վերահսկող «Ռոսկոմնադզոր»-ի կազմած այն մարդկանց ցուցակում, որ կարող են «օտարերկրյա գործակալ» ճանաչվել, գրում է accentnews.ge-ն:

Ըստ տեղեկության՝ ռուսական Важные истории լրատվամիջոցը` «Ռոսկոմնադզոր» ռադիոհաճախականության կենտրոնից արտահոսած տեղեկատվության հիման վրա, 804 հոգանոց ցուցակն ուսումնասիրել է գերմանական Süddeutsche Zeitung պարբերականի հետ միասին։

Պարզվում է` ցուցակի անդամների մասին տեղեկություններ են հավաքվել 2020-2022 թվականներին՝ դրանք «օտարերկրյա գործակալների» ռեեստր մուտքագրելու նպատակով։ Ռուսաստանում արդեն «օտարերկրյա գործակալ» է հայտարարվել 139 մարդ։

Այդ ցուցակում են դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն, որը մահացել է 2023 թվականի հունվարին, երգիչներ Թեոնա Կոնտրիձեն և Վալերի Մելաձեն, պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն, դիզայներ Բիճոլա Թեթրաձեն, գրող Գրիգորի Չխարտիշվիլին (Ակունին) և այլք։

Ի դեպ, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժ»-ը Վրաստանի խորհրդարանում օրենքի նախագիծ է նախաձեռնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին»: