Առանց գրառման թղթի համար ցուցարարը տուգանվել է

Թբիլիսիի քաղաքային դատարանը տուգանել է «Ջիուտի» շարժման կազմակերպած հակակառավարական ցույցի մասնակից քաղաքացիական ակտիվիստներին՝ հանրահավաքում առանց գրառման պաստառների, ինչպես նաև «Իրակղլի» գրառման համար։

Թբիլիսիի քաղաքային դատարանը այսօր՝ սեպտեմբերի 27-ին, հրապարակել է հունիսի 2-ին ձերբակալված իրավապաշտպանների ու ակտիվիստների գործով որոշումը։

Դատավորը 500-ական լարիի չափով տուգանք է կիրառել «Վրաստանի դեմոկրատական ​​նախաձեռնության» նախագահ Էդուարդ Մարիկաշվիլիի (ձեռքին կալանավորման պահին առանց գրառման թուղթ է եղել), ինչպես նաև՝ «Բաց հասարակության հիմնադրամի» աշխատակից Սաբա Բրաճվելիի, ակտիվիստներ Նիկա Ռոմանաձեի և Գրիգոլ Փրանգիշվիլի նկատմամբ՝ մանր խուլիգանության համար: Իսկ 173-րդ հոդվածով մեղադրանքը` ոստիկանությանը չհնազանդվելը, կարճվել է։

Նոդար Սիխարուլիձեն դատավորի որոշմամբ մեղավոր է ճանաչվել երկու հոդվածներով և տուգանվել 2 000 լարիով։

Ի դեպ, 2023 թվականի հունիսի 2-ի երեկոյան մի քանի միջադեպ է տեղի ունեցել խորհրդարանի մոտ, որտեղ ընթանում էր «Ջիուտի» շարժման կազմակերպած հակակառավարական ցույցը։

Ոստիկանները թույլ չեն տվել քաղաքացիներին խաղաղ ցույց անցկացնել խորհրդարանի աստիճանների վրա և նրանց ձեռքից խլել է տարբեր բովանդակությամբ պաստառներ, այդ թվում՝ առանց գրառման թղթեր և «Իրակղլի» մակագրությամբ թերթիկներ։