Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ՝ մայրաքաղաքում տեղացած առատ անձրևները մի քանի թաղամասերում խնդիրներ են ստեղծել, սակայն համապատասխան ծառայություններն աշխատել են ամբողջ գիշեր, և մաքրման աշխատանքներն այժմ էլ շարունակվում են։
Կառավարության նիստի մեկնարկից առաջ Կալաձեն նշել է, որ անսովոր մեծ քանակությամբ տեղումներ են գրանցվել կարճ ժամանակահատվածում, ինչը նմանատիպ խնդիրներ է առաջացնում նաև Եվրոպայի զարգացած քաղաքներում։
«Երբ շատ կարճ ժամանակում անսովոր մեծ քանակությամբ տեղումներ են լինում, նման դեպքերի մասին բազմիցս ենք խոսել, սա միայն Թբիլիսիում չի տեղի ունենում։ Սա տեսնում ենք նաև եվրոպական բազմաթիվ մեծ քաղաքներում, մեզանից ավելի հզոր պետություններում, տնտեսապես ավելի ուժեղ մայրաքաղաքներում, որտեղ առկա է ժամանակակից ենթակառուցվածք, և ամեն ինչ կարգավորված է։ Այնուամենայնիվ, որոշակի ժամանակահատվածում տեղացած առատ տեղումները, բնականաբար, խնդիր են ներկայացնում համապատասխան ենթակառուցվածքների համար»,- ասել է Կալաձեն։
Նա հավելել է, որ դա չի նշանակում քաղաքում առկա խնդիրների անտեսում, և քաղաքապետարանը փուլ առ փուլ շարունակում է ենթակառուցվածքների կարգավորումը։
Թբիլիսիի քաղաքապետի փոխանցմամբ՝ Համալսարանական փողոցի հարակից տարածքում 5 ժամվա ընթացքում արձանագրվել են վտանգավոր օդերևութաբանական երևույթների կատեգորիայի տեղումներ, տեղացած ջրի քանակը կազմել է 110 մմ։
Հիշեցնենք. երեկ երեկոյան ուժեղ անձրևի պատճառով Թբիլիսիի մի շարք փողոցներ հեղեղվել էին, իսկ երթևեկությունը կաթվածահար վիճակում էր։