Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի տեղեկացմամբ՝ հուլիսի 23-ից Ռուսթավելիի պողոտայում և Մերաբ Կոստավայի փողոցի մի հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ամբողջությամբ կսահմանափակվի։ Պատճառը պողոտայի ամբողջական վերականգնման (ռեաբիլիտացիայի) նախագծի մեկնարկն է։
Կառավարության նիստում Կալաձեն նշել է, որ սա իրենց նախընտրական գլխավոր խոստումներից մեկն էր, սակայն նախագծի մեկնարկը ձգձգվեց մի քանի անգամ ձախողված տենդերի պատճառով։
«Աշխատանքները կսկսվեն հուլիսի 23-ին, գիշերվա ժամը 12-ից, ինչից հետո Ռուսթավելիի պողոտայում և Մերաբ Կոստավայի փողոցի մի հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ամբողջությամբ կսահմանափակվի»,- հայտարարել է քաղաքապետը։
Կախա Կալաձեի խոսքով՝ աշխատանքները կիրականացնի Թբիլիսիի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների զարգացման քաղաքային ծառայությունը, և նախագիծը պետք է ավարտվի նոյեմբերի վերջին։
Կալաձեի պարզաբանմամբ՝ առաջին փուլում կթարմացվեն ստորգետնյա հաղորդակցությունները, որից հետո կսկսվեն ճանապարհային և ենթակառուցվածքային աշխատանքները։
«Նախագծի առաջին փուլում կիրականացվի ստորգետնյա հաղորդակցությունների թարմացում․ կփոխվեն ջրամատակարարման, ջրահեռացման, անձրևաջրերի և գազամատակարարման կենտրոնական համակարգերը։ Վերգետնյա լարերը կտեղադրվեն ստորգետնյա կաբելային ալիքներում, և կտեղադրվեն նաև ստորգետնյա աղբամաններ։
Կկառուցվի նաև ժամանակակից ճանապարհային ենթակառուցվածք․ կթարմացվի ճանապարհի երթևեկելի մասը, մայթը, կտեղադրվի ասֆալտապատ ծածկույթ, ամբողջությամբ կփոխվի արտաքին լուսավորության ցանցը։ Հատուկ ուշադրություն կդարձվի հետիոտների անվտանգությանն ու հարմարավետությանը․ կկառուցվեն վերգետնյա և ստորգետնյա անցումներ։ Պողոտայի ենթակառուցվածքն ամբողջությամբ հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Աշխատանքները, որոնք կիրականացնի Ենթակառուցվածքների զարգացման քաղաքային ծառայությունը, պետք է ավարտվեն նոյեմբերի վերջին»։
Հիշեցնենք, որ Ռուսթավելիի պողոտայի վերականգնման համար հայտարարված 20 միլիոն լարի արժողությամբ տենդերի հաղթողը հայտնի դարձավ ընթացիկ ամսվա սկզբին։ Պետական գնումների գործակալության համակարգում հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ մրցութային հանձնաժողովը տենդերում հաղթող է ճանաչել միակ մասնակից ընկերությանը՝ «Սմարթ Սոլուշնս» ՍՊԸ-ին։