Արձագանքներ Վախո Սանաիայի կալանավորմանը. հասարակությունը դատապարտում է դատարանի որոշումը

«Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրող Վախո Սանաիային քաղաքական գործիչների վերաբերյալ սոցիալական ցանցում արված հրապարակման համար, որը դատարանը որակել է որպես վիրավորանք, 14-օրյա վարչական կալանքի ենթարկելու որոշմանն արձագանքել են քաղաքական գործիչներ, մեդիայի և հասարակության ներկայացուցիչներ։

«Քաղաքական գործիչներին քննադատելու համար լրագրողներին ձերբակալելը օրենք չէ, այլ զուտ ավտորիտար պարանոյա»,- սոցիալական ցանցում գրել է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Նիկա Գվարամիան սոցցանցում գրել է․ «Մեզ թվում է, թե դիկտատուրան միայն տանկերն ու զինված մարդկանցով փողոցները վերահսկելն է»։

Facebook-ի գրառման համար լրագրողը հայտնվել է բանտում․ ինչպիսի՜ «վերականգնված արդարադատություն», «հպարտ» «Վրացական երազանք»։ Վախո Սանաիա, իմ աջակցությունը քեզ»,- սոցցանցում գրել է «Գախարիան՝ հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Անա Բուչուկուրին։

«Ֆորմուլա»-ի լրագրողի 14-օրյա կալանավորմանը սոցցանցում արձագանքել է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցությունից (EPP) գերմանացի եվրապատգամավոր Միխայել Գալերը․ «Որքան էլ մխիթարական չէ այն փաստը, որ Ռուսաստանում նրան շատ ավելի երկար ժամկետ կտային, սա ցույց է տալիս, թե որ կողմում է այսօր գտնվում Վրաստանը՝ Եվրոպայի ավտորիտար հատվածում։ Խորհրդային Վրաստանը իրականություն է դառնում»։

Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) մեկ այլ եվրապատգամավոր՝ Ռասա Յուկնևիչենեն, իր հրապարակման մեջ նշել է. «Եվրամիությունը պետք է արձագանքի սրան»։

Ամերիկացի սենատոր Ջին Շահինը (Դեմոկրատական կուսակցություն) և կոնգրեսական Ջո Ուիլսոնը (Հանրապետական կուսակցություն) դատապարտել են «Ֆորմուլա» հեռուստաընկերության հաղորդավար և լրագրող Վախո Սանաիայի հապճեպ կալանավորումը։

Ջին Շահինը հուլիսի 23-ին X-ում գրել է, որ «արտահայտվելու ազատությունը գործող ժողովրդավարության հիմքն է»։

«Վրաստանի կառավարության ատելությունը այլախոհության հանդեպ նրա ժողովրդավարական հետընթացի ևս մեկ վկայություն է։ Կոչ եմ անում Վրաստանի կառավարությանը ազատ արձակել Վախո Սանաիային և տասնյակ քաղաքական բանտարկյալների»,- գրել է նա։

Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնն էլ X-ում գրել է․

««Վրացական երազանք»-ի հակաամերիկյան ռեժիմը շարունակում է սրել հարձակումը խոսքի ազատության վրա։ Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել Վախո Սանաիային և բոլոր քաղաքական բանտարկյալներին»։

«Վախոյին, վստահաբար, այս երկու շաբաթը չի վախեցնի և չի լռեցնի։ Մենք դիմելու ենք իրավապաշտպան բոլոր կազմակերպություններին, և այս ապօրինի ու ամոթալի որոշմանը արձագանք անպայման կհետևի։

Բայց հիմա, զայրույթին զուգահեռ, ամենաշատը մտածում ենք մի բանի մասին՝ ինչպես պահպանել առանց այն էլ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող «Ֆորմուլա»-ի հեռարձակումը։ Ռեժիմը լրագրողին ուղարկում է խուց, իսկ նրա գործընկերների պատասխանատվությունն է այդ ընթացքում պահպանել եթերը, որպեսզի հանրությունը շարունակի լսել այն, ինչ իշխանությունը այդքան համառորեն փորձում է թաքցնել։ Վախոն կդիմանա այս երկու շաբաթը։

Իսկ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի վերադարձին նրան եթեր տրվի»,- սոցցանցում գրել է «Ֆորմուլա»-ի լրագրող, «Կվիրիս ֆորմուլա» հաղորդման համավարող Գիորգի Թարգամաձեն։

«Սա լրագրողներին ահաբեկելու նոր արշավ է, և ես լիովին համոզված եմ, որ դա առաջին հերթին ուղղված էր Վախոյի դեմ, քանի որ Վախոն բոլորին անհնազանդության օրինակ էր ցույց տալիս։ Նա լիովին գիտակցում էր, թե ինչ է անում, ինչու է անում, և ինչ հետևանքներ կարող էր սա ունենալ իր համար, այդ թվում՝ բանտարկություն։ Բայց եթե կա մեկը, ում համար նշանակություն չունի բանտում հայտնվելն ու այնտեղ երկու շաբաթ անցկացնելը, դա Վախոն է, որովհետև նա գիտի, թե հանուն ինչի է պայքարում։ Նա գիտակցում է, որ անհնազանդությունն այսօր այս սարսափելի, դիկտատորական, պարանոիդ ռեժիմի և անձամբ Իվանիշվիլիի դեմ պայքարի միակ մեթոդն է»,- լրագրողներին ասել է լրագրող Էկա Կվեսիտաձեն Վախո Սանաիայի տան մոտ, որտեղ նրան ձերբակալել էին։

«Մեդիայի պաշտպանության կոալիցիա»-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ դատապարտում են «Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրող Վախո Սանաիայի նկատմամբ ընդունված «ռեպրեսիվ որոշումը»։

Մեդիայի պաշտպանության կոալիցիան համերաշխություն է հայտնել Վախո Սանաիային և յուրաքանչյուր լրագրողի, որն իր մասնագիտական գործունեության և քաղաքացիական դիրքորոշման պատճառով դառնում է հետապնդումների թիրախ»,- ասված է հայտարարության մեջ։

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) հասարակական կազմակերպությունը դատարանի որոշումը գնահատել է որպես «հանրային տարածքում քաղաքացիների արտահայտման ոչ լեգիտիմ սահմանափակման, ցենզուրայի և ինքնացենզուրայի միջավայրի ստեղծման» ևս մեկ ակնհայտ օրինակ։ Ըստ ասոցիացիայի՝ այս որոշումը «հակասում է մարդու իրավունքների սահմանադրական և եվրոպական չափանիշներին, որոնք «Վրացական երազանք»-ի և ՆԳՆ ներկայացուցիչները միտումնավոր աղավաղում և սխալ են ներկայացնում»։

«Ակնհայտ է, որ արտահայտվելու ազատության զանգվածային, համակարգային վերահսկողությունն իրականացվում է այնպիսի ձևերով և այնպիսի օրենսդրության հիման վրա, որը հեշտությամբ թույլ է տալիս կամայական կիրառում, իր ծանրությամբ կարող է հավասարվել քրեական պատասխանատվությանը, ստեղծում է համակարգային ցենզուրայի ինստիտուցիոնալ մեխանիզմներ և անտեսում արտահայտման ազատության պաշտպանության երաշխիքները»,- նշված է GYLA-ի հայտարարության մեջ։

Վախո Սանաիային կալանավորելու որոշմանն արձագանքել են նաև իշխող թիմի՝ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները։ Իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության տարածած մեկնաբանության մեջ Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արչիլ Գորդուլաձեն ասել է, որ ընդունված որոշումը համապատասխանում է Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանի պրակտիկային։

«Ատելության խոսքի կողմնակից մարդիկ՝ լինեն դրանք քաղաքական գործիչներ, թե մեդիայի ներկայացուցիչներ, իրենց քայլերով ևս մեկ անգամ հաստատում են Ստրասբուրգի դատարանի պրակտիկան․․․ Երբ բազմիցս, չնայած կիրառված բազմաթիվ տույժերի, կոնկրետ անձը ներկայանում է ատելության խոսքով, վիրավորում է մյուսին, ոտնահարում է այլոց արժանապատվությունը, ոչ միայն վարչական տույժի կիրառումը, այլև քրեական պատասխանատվության ենթարկելը լիովին համապատասխանում է եվրոպական պրակտիկային և, այդ թվում, Կոնվենցիային»,- ասել է Արչիլ Գորդուլաձեն՝ հավելելով, թե «կարևոր է, որ օրենքը գործի, օրենքը լինի օրենք։ Հետևաբար, պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, որոնց համար ոչ մի նշանակություն չունի այլ մարդկանց արժանապատվությունը»։

Իրավական հանձնաժողովի փոխնախագահ Թոռնիկե Չեիշվիլիի խոսքով՝ իրավապահներին «այլընտրանք չէր մնում»։

«Երբ մյուս ավելի մեղմ միջոցներն ու տույժերը սպառվել էին, իրավապահ մարմիններին մնում էր այլընտրանքը՝ այս դեպքում կալանքի ձևով։ Այս գործընթացը, որն ընդհանուր առմամբ ուղղված էր բևեռացման խորացմանը, անշուշտ, կառավարվում էր դրսից, նվագակցվում էր դրսից, և այստեղ տեղում կոնկրետ անձինք զբաղված էին նրանով, որ համառորեն կատարում էին համապատասխան հանձնարարությունները և փորձում արմատավորել ատելության խոսքը, հայհոյանքն ու վիրավորանքը»։

Վախո Սանաիայի ձերբակալությունը

Դատավոր Զվիադ Ցեկվավան լրագրող Վախո Սանաիային հուլիսի 22-ին իրավախախտ է ճանաչել խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի և պատգամավոր Վլադիմիր Բոժաձեի վերաբերյալ սոցիալական ցանցում արված հրապարակման համար։

Գրառմանը իրավական արձագանք տալու նպատակով դատարան էր դիմել ՆԳՆ ատելության խոսքի դեմ պայքարի վարչությունը։

Դատարանի որոշումից կարճ ժամանակ անց Վախո Սանաիային ձերբակալել են իր տան մոտ, որտեղ նա ընտանիքի անդամների և լրագրող գործընկերների հետ սպասում էր ոստիկանների ժամանմանը։ Սանաիային տեղափոխել են Մցխեթայի ձերբակալվածների պահման վայր։

Վախո Սանաիային մինչ այդ՝ հունիսի 10-ին, դատավոր Թոռնիկե Քոչքիանը մեկ այլ Facebook-յան գրառման համար տուգանել էր 6000 լարիով։

Ինչ մեղադրանք էր ներկայացրել Սանաիային Ատելության խոսքի դեմ պայքարի վարչությունը

ՆԳՆ ատելության խոսքի դեմ պայքարի վարչության ներկայացուցիչը դատական նիստի ավարտից հետո լրատվամիջոցների հետ զրույցում պարզաբանել է իրենց միջնորդության բովանդակությունը, որին, նրա խոսքով, դատարանը ևս համամիտ է։

«Մեր միջնորդությունը հիմնված էր իրավախախտի վարքագծի վրա։ Նախորդ դատական որոշմանը ծանոթանալուց հետո նա հրապարակել է գրառում, որը նույնպես պարունակում էր վիրավորական արտահայտություն։ Հետևաբար, մենք գտանք, որ սա դատարանի որոշման անտեսում էր և իրավախախտ վարքագիծը շարունակելու պատրաստակամություն։ Պարոն Վախթանգ Սանաիան չի մասնակցում դատական նիստերին, չի վճարում դատարանի սահմանած տուգանքները և դատական գործընթացներին զուգահեռ շարունակում է իրավախախտ վարքագիծը։ Հետևաբար, քանի որ դատարանի որոշումները չեն կարող ձևական բնույթ կրել, մենք անհրաժեշտ համարեցինք այս գործով կալանքի պահանջի միջնորդություն ներկայացնել»,- ասել է ՆԳՆ ներկայացուցիչ Մարիամ Կերեսելիձեն։

Վախո Սանաիան առաջինն է, ում սոցիալական ցանցում արված հրապարակման համար կալանք են սահմանել։

Մինչ այդ՝ հունիսի 25-ին, Facebook-ում Վախո Սանաիային վիրավորելու համար դատավոր Զվիադ Ցեկվավան 2000 լարիով տուգանել էր Զուրաբ Օսիքմաշվիլիին։

Ո՞ր հոդվածներով է ՆԳՆ-ն մեղադրում Facebook-ի օգտատերերին

Երկու հոդվածով․

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-16¹ հոդված — Պետական-քաղաքական պաշտոնատար անձի, պետական ծառայողի, պետական ծառայողին հավասարեցված կամ/և հանրային ծառայողի բանավոր վիրավորանք, հայհոյանք, նրան վիրավորական հետապնդում։ Այս իրավախախտումը նախատեսում է տուգանք 1500-ից 4000 լարիի չափով կամ 45-օրյա կալանք։ Խախտումը կրկնվելու դեպքում տուգանքը հասնում է 2500-ից 6000 լարիի, իսկ կալանքը՝ մինչև 60 օրվա։

2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ հոդված — Մանր խուլիգանություն — հանրային տարածքում հայհոյելը, քաղաքացիներին վիրավորելը և նմանօրինակ այլ գործողություններ, որոնք խախտում են հասարակական կարգը կամ/և քաղաքացիների անդորրը։ Այս իրավախախտումը նախատեսում է տուգանք 500-ից 3000 լարիի չափով կամ վարչական կալանք՝ մինչև 20 օր։ Կրկնվելու դեպքում տուգանքը դառնում է 3000-ից 5000 լարի կամ սահմանվում է 5-ից 60-օրյա կալանք։