Ինչ է գրված Վրաստանի մասին մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում

Աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ Պետդեպարտամենտի 2022 թվականի զեկույցի Վրաստանի բաժնում գրված է, որ անպատժելիությունը շարունակում է խնդիր մնալ երկրում՝ չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկել հետաքննելու մարդու իրավունքների խախտման դեպքերը։

Հուլիսյան բռնություններ. անպատիժ մնացած կազմակերպիչներ

ԱՄՆ Պետդեպարտամենտը նշում է, որ 2021 թվականի հուլիսի 5-ի բռնության կազմակերպիչների նկատմամբ արժանահավատ հետաքննություն չանցկացնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու կառավարության ձախողումը հանգեցրել են այդ հանցագործություններին ներգրավված անձանց անպատժելիության։

Հունիսի 20-21-ի և Մուխթարլիի դեպքերը

Պետդեպարտամենտը նշում է, որ նույն իրավիճակը վերաբերում է 2019 թվականի հունիսին տեղի ունեցած ցույցերի ժամանակ լրագրողների և ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից ոչ պատշաճ ուժի կիրառմանը, ինչպես նաև 2017 թվականին Վրաստանից ադրբեջանցի լրագրող և ակտիվիստ Աֆղան Մուխթարլիին ձերբակալելու և արտահանձնելու դեպքում։

Գվարամիայի գործը. հակառակորդներին լռեցնելու փորձ

Վրաստանի վերաբերյալ Պետդեպարտամենտի 2022 թվականի զեկույցում ասվում է, որ Հանրային պաշտպանի գրասենյակը, հասարակական կազմակերպությունները, ընդդիմադիր կուսակցությունները և միջազգային խմբերը, ներառյալ Amnesty International-ը և լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ), քննադատել են մայիսի 16-ի որոշումը, որում ընդդիմադիր «Մթավարի Արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիան ազատազրկման է դատապարտվել։

Պետդեպարտամենտը նշում է, որ Գվարամիայի դեպքը հանրային պաշտպանի և հասարակական կազմակերպությունների կողմից գնահատվել է որպես քաղաքական հետապնդում։ Ինչպես գրված է զեկույցում, ըստ Amnesty International-ի՝ Գվարամիայի դատավարությունը մի քանի դեպքերում բացահայտել է կառավարության աճող ազդեցությունը դատարանների վրա, որն ուղղված է լռեցնելու կառավարության քննադատներին և հակառակորդներին։

Հատուկ քննչական ծառայություն

Զեկույցի հեղինակները գրում են, որ 2021 թվականի դեկտեմբերին խորհրդարանի քվեարկությունից հետո Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մարտին վերացվել է։ Դրա փոխարեն ստեղծվել են երկու առանձին գործակալություններ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և անձնական տվյալների դեպքերը հետաքննելու համար։

Ի տարբերություն նախորդ մանդատի, որ բոլոր իրավապահ մարմինները պետք է հետաքննվեն հավասարապես, օրենքը թույլ չի տալիս նոր քննչական մարմնին` հետաքննել դատախազների կատարած որոշ հանցագործություններ, ինչպիսիք են սպանությունը և մարմնական վնասվածքը:

Սաակաշվիլիի գործը. ենթադրյալ անմարդկային վերաբերմունք

Մինչ խորհրդարանի որոշումը՝ ՀՔԾ-ն հետաքննում էր երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ ենթադրյալ անմարդկային վերաբերմունքը 2021 թվականի նոյեմբերին Ռուսթավիի բանտից Գլդանիի քրեակատարողական կլինիկա հարկադիր տեղափոխման ժամանակ։

Քննչական ծառայությունը հայտնել է, որ Արդարադատության նախարարությունը և Հատուկ քրեակատարողական ծառայությունը խախտել են տվյալների պաշտպանության մասին օրենքները՝ հրապարակելով Սաակաշվիլիի մասին մի քանի վիճահարույց տեսանյութեր։

«Վրաստանի օրենսդրությունը, ընդհանուր առմամբ, նախատեսում է աշխատողների, այդ թվում՝ պետական ​​աշխատողների, անկախ արհմիություններ ստեղծելու և միանալու, օրինական գործադուլի և կոլեկտիվ բանակցությունների իրավունք: Օրենքի համաձայն, եթե արհմիությունը կամ աշխատողների խումբը նախաձեռնում է կոլեկտիվ պայմանագրի շուրջ բանակցություններ, ապա գործատուները բանակցություններ են վարում բարեխղճորեն:

Չնայած օրենքը նախատեսում է միավորումների և կոլեկտիվ բանակցությունների ազատության իրավունքներ, գործատուները միշտ չէ, որ բարեխղճորեն բանակցել են: Բանակցություններին մասնակցելու գործատուների պարտավորությունները հստակ սահմանված չեն օրենքով կամ պրակտիկայում»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ​​աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին զեկույցում։

Ի դեպ, ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների պրակտիկայի վերաբերյալ տարեկան զեկույցը ներառում է միջազգայնորեն ճանաչված անհատական, քաղաքացիական, քաղաքական և աշխատանքային իրավունքներ, որոնք սահմանված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և այլ միջազգային պայմանագրերով:

ԱՄՆ Պետդեպարտամենտը օգնություն ստացողների, ինչպես նաև ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրների մասին հաշվետվություն է ներկայացնում ԱՄՆ Կոնգրեսին՝ համաձայն 1961 թվականի Արտաքին աջակցության ակտի և 1974 թվականի Առևտրի մասին օրենքի: