Սաակաշվիլին դադարեցրել է «անժամկետ» հացադուլը

Վրաստանի երրորդ նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ դադարեցնում է հացադուլը։ Արդեն 20-րդ օրն էր, ինչ նա հացադուլ էր անում։ 

«Ես նամակ եմ ստացել 2014 թվականից Ուկրաինան պաշտպանող վրացի մարտիկներից, որոնք իմ ընկերներն են, որոնցով հպարտանում եմ։ Ինձ խնդրում են դադարեցնել հացադուլը և հնարավորինս արագ, ամբողջ ուժով միանալ պայքարին։ Նույն խնդրանքով դիմել են նաև այլոք։ Հիմա մեզ պետք է ողջախոհություն, առողջություն և լիարժեք մոբիլիզացիա, թուլության փոխարեն՝ ուժ։ Հաղթանակը պետք է դիմավորենք ամբողջությամբ պատրաստված»,- գրել է Սաակաշվիլին։ 

Նշենք, որ երեկ՝ մարտի 9-ին, Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Լիզա Յասկոն դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և Վրաստանի կառավարությանը՝ խնդրելով  Սաակաշվիլիին վերադարձնել Ուկրաինա։ 

«Նրա տեղը հիմա, իսկապես, ուկրաինացի ժողովրդի կողքին է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Յասկոն։ 

Հիշեցնենք՝ Սաակաշվիլին փետրվարի 21-ին իր գործով հերթական դատական ​​նիստին անժամկետ հացադուլ էր հայտարարել։