Գվարամիայի ազատազրկման արձագանքներն ամփոփ

Վրաստանում այսօրվա գլխավոր քաղաքական թեման ընդդիմադիր «Մթավարի արխիի» հիմնադիր, գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի 3 տարի 6 ամիս ազատազրկումն էր:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Լաշա Չխիկվաձեի որոշմամբ՝ Գվարամիային մեղավոր է ճանաչել Վրաստանի Քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածով, ինչը ենթադրում է լիազորությունների չարաշահում։

Վրաստանի դատախազությունը Նիկա Գվարամիայի դեմ գործ էր հարուցել դեռևս 2019 թվականի ամռանը, որը վերաբերում է այն ժամանակաշրջանին, երբ Գվարամիան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենն էր։ Դատախազությունը նրան մեղադրում է «սեփականության իրավունքի ապօրինի յուրացման, առևտրային կաշառք ստանալու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի խումբ խոշոր չափերի ապօրինի եկամուտներն օրինականացնելու մեջ»։

Նշենք, որ 2019-ից հետո Գվարամիան լքեց «Ռուսթավի 2»-ը՝ հիմնելով նոր ընդդիմադիր հեռուստաընկերություն, իսկ «Ռուսթավի 2»-ը դարձավ իշխանական:

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած Գվարամիայի ազատազրկմանն անդրադաձան մի շարք կազմակերպություններ և քաղաքական գոծիչներ:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» (TI) հայտարարել է, որ ընդդիմադիր «Մթավարի արխիի» հիմնադիր Նիկա Գվարամիայի ձերբակալությունը նպատակ ունի խանգարել քննադատական ​​հեռուստաընկերության գործունեությունը:

«Բաց հասարակության հիմնադրամ — Վրաստան»-ի եվրաինտեգրման ծրագրի ղեկավար Վանո Չխիկվաձեն ասել է, որ Գվարամիայի ձերբակալությունից հետո Վրաստանը չպետք է ակնկալի, որ ԵՄ-ն «կարևոր որոշում կկայացնի» ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ:

Ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության փոխտնօրեն Գիորգի Գաբունիանյի խոսքով՝ իրենք շարունակելու են պայքարը։ Գաբունիայի խոսքով՝ դատարանի այսօրվա որոշումը ևս մեկ անգամ հաստատել է, որ երկիրը դարձել է ոչ ազատ մարդկանց ագլոմերացիա:

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց, որ «Գվարամիայի գործով այսօրվա որոշումը կասկածի տակ է դնում Վրաստանի հավատարմությունը օրենքի գերակայությանը»: Ըստ դեսպանատան հայտարարության՝ այն ֆոնին, երբ Վրաստանն աննախադեպ հնարավորություն ուներ խորացնելու իր եվրատլանտյան ինտեգրումը, նույնիսկ քրեական հետապնդման քաղաքականացված ընկալումը վնասակար է։

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնակատար Քլեր Օլբլսն էլ հիասթափություն հայտնեց Գվարամիայի ազատազրկման կապակցությամբ։

«Մեծ Բրիտանիան ազատ լրատվամիջոցների հսկիչն է: Առանց ազատ ԶԼՄ-ների քաղաքացիները չեն կարողանա օգտվել իրենց ժողովրդավարական իրավունքներից»,- ասել է Օլբլսը:

Լիտվայի Սեյմի անդամ Ժիգիմանտաս Պավիլիոնիսն ասել է, որ «ցավալի է տեսնել, թե ինչպես է Վրաստանը կորցնում իր պատմական հնարավորությունը»: Նրա խոսքով՝ իշխող «Վրացական երազանքը», կարծես թե, ցանկանում է անել ամեն ինչ՝ երկրի ժողովրդավարական նկրտումները ոչնչացնելու համար»։

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան նշում է, որ Գվարամիայի դատավճիռն իրավական առումով խնդրահարույց է, և կան կասկածելի հանգամանքներ արդարադատության իրականացման հետ կապված։

Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի նախկին անդամ, իրավապաշտպան Նազի Ջանեզաշվիլին նշում է, որ այսօր դատավորը հանրությանը չկարողացավ համոզել անկողմանակալությունը։ Ջանեզաշվիլին մտավախություն ունի, որ այսօրվա որոշումը ծանր ազդեցություն կունենա լրատվամիջոցների միջավայրի և ժողովրդավարության վրա։

Վրաստանի պետական ​​տեսչության նախկին ղեկավար Լոնդա Թոլորայայի խոսքով՝ Գվարամիայի ձերբակալությունը կասկած չի թողնում, որ որոշումը կայացվել է իրավական դաշտի կողմից։ Ինչպես գրում է Թոլորայան ֆեյսբուքում, ինքը գործի նյութերին չի տիրապետում և չի կարող գնահատել փաստական ​​հանգամանքները, սակայն, բնականաբար, հարցեր են ծագում՝ ինչո՞ւ հիմա։ Ինչո՞ւ, այնուամենայնիվ, ազատությունից զրկելը»:

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան Նիկա Գվարամիայի դեմ կայացված դատավճիռը հակասահմանադրական է անվանել և ասել, որ «Մթավարի արխիի» տնօրենի ձերբակալությունը քննադատական ​​լրատվամիջոցների նկատմամբ թշնամական միջավայրի ամենաարմատական ​​դրսևորումներից է։ Այս մասին նա ասել է Ռուսթավիի տասներկուերորդ քրեակատարողական հիմնարկ մտնելուց առաջ, որտեղ գտնվում է Գվարամիան:

«Կարծում եմ՝ սա քննադատական ​​և կառավարությունից անկախ լրատվամիջոցների նկատմամբ թշնամական միջավայրի ստեղծում է և, թերևս, ամենաարմատական ​​դրսևորումներից մեկը»,- ասել է Լոմջարիան։

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Ռոման Գոցիրիձեն համարում է, որ Գվարամիայի «ազատազրկման» դատապարտումը հեռուստաընկերությունը փակելու միտումնավոր քայլ էր։ Ըստ Գոցիրիձեի՝ «քանի դեռ այս գործընթացը ծայրահեղ վնաս չի հասցնում երկրի եվրաատլանտյան նկրտումներին, նախագահը պետք է անհապաղ ներում շնորհի Նիկա Գվարամիային»։

Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավար Գիգա Բոկերիան կարծում է, որ Գվարամիայի ձերբակալությունը Վրաստանի արևմտյան գործընկերներին ուղղված հերթական հայտարարությունն է, որ կառավարությունը գնում է ոչ թե դեպի «ազատություն և Եվրոպա, այլ դեպի Պուտինը»։ Նրա խոսքով, գործը, որի հիման վրա կալանավորվել է Նիկա Գվարամիան, «աբսուրդ» է:

«Լելո» ընդդիմադիր կուսակցությունն ասում է, որ Գվարամիայի ձերբակալությունը, կառավարության վերջին քայլերի հետ մեկտեղ, ուղղակի նշան է, որ «Վրաստանի եվրոպական ընտրությունը վտանգված է, և իշխող «Վրացական երազանքը» դեպի Ռուսաստան ճանապարհին է:

«Ռազմավարությունն Աղմաշենեբելի» կուսակցության ղեկավար Գիորգի Վաշաձեի խոսքով՝ Գվարամիայի ձերբակալությունը սկզբից մինչև վերջ քաղաքական դրդապատճառներ ունի, և իշխող կուսակցությունը մտադիր է այն օգտագործել արևմտյան գործընկերների հետ «առևտրի» համար։ Նրա խոսքով, Գվարամիայի ձերբակալությունը Վրաստանում «կեղծ» ժողովրդավարության ևս մեկ վառ օրինակ է։

Ի աջակցություն Գվարամիայի՝ մի շարք լրագրողներ հանրահավաքներ են անցկացրել Քութայիսիում, Բաթումիում և Գորիում: Ըստ նրանց՝ դատավորի այսօրվա որոշումն արդար չէ, դա քաղաքական դատավճիռ է ազատության դեմ։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարծում է, որ դատարանն օրինական որոշում է կայացրել Գվարամիայի դեմ։ Իշխող կուսակցության ներկայացուցիչները Գվարամիայիի դատավճռում քաղաքական գործ չեն տեսնում։

Կարդացեք նաև՝

Քաղաքական հաշվեհարդար է․ փորձագետը մեկնաբանում է ընդդիմադիր մեդիայի հիմնադրի ազատազրկումը

Ընդդիմադիր հեռուստաընկերության հիմնադիրը դատապարտվեց 3,5 տարի ազատազրկման