Հուլիսի 5-ի դեպքերից մեկ տարի անց

2021 թվականի հուլիսի 5-ին նախատեսված «Արժանապատվության երթի» պատճառով Թբիլիսիում տեղի է ունեցել ծայրահեղական խմբերի կազմակերպված մոբիլիզացիա։ «Մենք՝ «Մարդու իրավունքների տունը», աջակցում ենք իրավապաշտպաններին և ակտիվիստներին, այդ թվում, իհարկե, փոքրամասնությունների ներկայացուցիչներին», — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Թբիլիսիի «Մարդու իրավունքների տունը», ծրագրի պատասխանատու Էլենե Ջանելիձեն՝ անդրադառնալով Վրաստանում ԼԳԲՏ համայնքի խնդիրներին:

Ջանելիձեի խոսքով՝ քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ միացել էին ԼԳԲՏ համայնքին և նախատեսում էին մասնակցել «Արժանապատվության երթին», սակայն հուլիսի 5-ի առավոտյան պարզ դարձավ, որ «բռնի հոմոֆոբ» խմբերը, այդ թվում հոգևորականության ներկայացուցիչներ ֆիզիկական վտանգ են ներկայացնելու «Արժանապատվության երթին»։

«Նրանք սկսեցին նախ վիրավորել լրագրողներին, իսկ հետո շարժումը շարժվեց դեպի «Սիրցխվիլիա»-ի (խմբ. քաղաքական շարժում) և Tbilisi Pride-ի գրասենյակներ»,- ասում է Ջանելիձեն:

«Մարդու իրավունքների տունը» ծրագրի պատասխանատուն նկատում է՝ «Արժանապատվության երթի» կազմակերպիչները և նրանց աջակիցները հուլիսի 5-ին ստիպված են եղել երեք անգամ փոխել իրենց տեղը «բռնի խմբերի ագրեսիայի» պատճառով.

«Վտանգավոր կլիներ նույնիսկ վերը նշված գրասենյակներ գնալը, այդ խմբերը ավերում էին ամեն ինչ և ճանապարհին ոչ մեկին չէին խնայում, երբ շտապեցին դեպի «Սիրցխվիլիա»-ի գրասենյակ՝ ծեծի ենթարկեցին օպերատոր Լեքսո Լաշքարավային, ով մի քանի օր անց մահացավ»:

Ըստ Ջանելիձեի՝ այդ ամենը տեսնելուց հետո «Արժանապատվության երթի» մասնակիցների հետ որոշել են գնալ «Մարդու իրավունքների տան» գրասենյակ։ Ջանելիձեն նկատում է՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ոչ մի տեղ չեն գրել, որ գնում են այնտեղ, սակայն իրենց ժամանումից 15 րոպեի ընթացքում ծայրահեղական խմբերը հավաքվել գրասենյակի մոտ:

««Մարդու իրավունքների տանը» մենք եղել ենք իրավապաշտպանների, ակտիվիստների, ԼԳԲՏ համայնքի և նրանց աջակիցների հետ։ Հոմոֆոբները մեզ հայհոյեցին, շրջապատեցին շենքը և սպառնացին քարեր նետել մեզ վրա։

Վերջապես շենքի բակ են նետվել պիրոտեխնիկա՝ ամենասարսափելի ձայնով, որը պայթել է և արդյունքում ֆիզիկական վնաս է հասցրել մեկ ակտիվիստի։ Քանի որ ես նույնպես շատ մոտ էի պայթյունի վայրին, 15 րոպե ականջս չէր լսում։ Ակտիվիստներից մեկի մեքենան վնասվել է գրասենյակի մոտ»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Ջանելիձեն:

Ջանելիձեն ընդգծում է, որ նույն օրը ևեթ սկսվել է դեպքի հետաքննությունը, հարցազրույց են վերցրել բոլորից, ովքեր այդ պահին գտնվում էին Թբիլիսիի մարդու իրավունքների տան գրասենյակում.

«Մինչ օրս ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել։ Մեր տեսախցիկները արձանագրել են, և պարզ երևում են, թե ով է մեզ վրա նետել պիրոտեխնիկան։ Այս կադրերը հանձնել ենք քննությանը, բայց 1 տարի է առաջընթաց չկա»:

Նրա խոսքով՝ կազմակերպությունը չի ճանաչվել որպես տուժած, թեև որպես կազմակերպություն իրենց գործունեությունը սահմանափակված էր «հանցագործների» պաշարման պատճառով:

Ջանելիձեի կարծիքով՝ պետությունը չունի քաղաքական կամք՝ չեզոքացնելու նման բռնի խմբերը։

«Պետական ​​բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ելույթներում հաճախ «հարձակվում» են իրավապաշտպանների, ակտիվիստների, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների վրա։ Սակայն, համաձայն պետության միջազգային պարտավորությունների, կառավարությունը պետք է հրապարակայնորեն աջակցի իրավապաշտպաններին և ակտիվիստներին՝ մարդկանց, ովքեր խաղաղ կերպով վարում են իրենց սահմանադրական իրավունքները»,- ընդգծում է Ջանելիձեն:

Հավելում է՝ իշխանության կողմից այս խմբերի անպատժելիությունը ազդանշան է, թե  նրանց գործողություններն օրինական են, հնարավոր է հարձակվել, գրավել հանրային տարածքներ: Ագրեսիվ խմբերը խոսում են բացահայտ սպառնալից տեքստերով և չեն վախենում, որ դրա համար պետք է պատասխան տան։

«2021 թվականի հուլիսի 5-ին կառավարությունը չկարողացավ պաշտպանել խաղաղ բնակիչներին։ Բռնության հստակ կոչերի ֆոնին լրագրողները, իրավապաշտպաններն ու ակտիվիստները բախվեցին բռնությունների, ոչնչացվեց նրանց ունեցվածքը։ Կազմակերպված բռնության կազմակերպիչները չեն պատժվել, չնայած որ կան տեսագրություններ, որտեղ նրանք մեծ խմբերին բռնության են դրդում»:

Ջանելիձեն ափսոսանք է հայտնում, որ իշխանության քաղաքական կամքը չի փոխվել անգամ այս մեկ տարվա ընթացքում. կարծես թե իշխանությունը չի աջակցում խաղաղ քաղաքացիներին, այդ իսկ պատճառով այս իշխանության օրոք ԼԳԲՏ մարդկանց և նրանց պաշտպանների համար անհնար է հասարակական վայրերում ազատ հավաքվել։

Նրա խոսքով՝ դա է պատճառը, որ այս տարի «Թբիլիսյան հպարտության» շաբաթն անցկացվում է միայն փակ միջոցառումներով, սակայն նկատվում է, որ «հանցագործները» ցանկանում են խափանել անգամ այդ փակ միջոցառումները։

«Անհրաժեշտ է, որ կառավարությունը կատարի իր պարտավորությունները, սատարի իրավապաշտպաններին, ակտիվիստներին, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին։ Ժողովրդավարական, հանդուրժող հասարակություն կառուցելու համար անհրաժեշտ է, որ բոլոր խաղաղ խմբերը մուտք ունենան հանրային տարածքներ, որպեսզի բոլորը կարողանան օգտվել սահմանադրության շրջանակներում հավաքների ազատությունից։ Քանի դեռ պետության մեջ դա հնարավոր չէ, իշխանությունը մնում է հանցագործների դաշնակիցը»,- հավելում է Ջանելիձեն:

Հիշեցնենք՝ 2021 թվականի հուլիսի 5-ին Թբիլիսիում  նախատեսված ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված «Արժանապատվության երթը» չեղարկվեց անցկացման պահից մի քանի ժամ առաջ: Պատճառը՝ ծայրահեղական խմբերի կողմից դրսևորած քայլերն են՝ հարձակումներ լրագրողների վրա, սպառնալիքներ, գույքի նպատակաուղղված վնասում, նույնիսկ խորհրդարանի մոտ Եվրամիության դրոշի պատռելու դեպքեր:

Դեպքերի մասին մանրամասն ստորև նյութերում՝

Հարձակումներ լրագրողների վրա, անկարգություններ. ռադիկալ խմբերը՝ ԼԳԲՏ անձանց դեմ «պայքարում»

Ի՞նչ տեղի ունեցավ երեկ Ռուսթավելիի պողոտայում