Tbilisi Pride-ն ավարտվեց առանց միջադեպերի

Թբիլիսիում ավարտվեց Tbilisi Pride-ի շաբաթը: Կազմակերպիչների խոսքով այս տարի փրայդն անցավ առանց միջադեպերի, ավարտվեց հաջողությամբ և խաղաղ:

Այս տարվա Tbilisi Pride-ին մասնակցեցին նաև մի քանի երկրների դեսպաններ, ովքեր շնորհակալություն հայտնեցին Վրաստանի ներքին գործերի նախարարությանը՝ «Արժանապատվության շաբաթվա» ընթացքում միջոցառումների անվտանգ անցկացումն ապահովելու համար։

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան ևս արձագանքելով Pride-ի միջոցառումների ընթացքին` նշել է, որ շաբաթվա ընթացքում նախատեսված միջոցառումների անցկացումը խաղաղ և բռնությունից զերծ միջավայրում կարևոր է ինչպես ԼԳԲՏ համայնքի անդամների և աջակիցների, այնպես էլ երկրի ժողովրդավարական գործընթացների իրականացման և ԵՄ ինտեգրման հեռանկարների համար:

«Անհրաժեշտ է, որ կառավարությունը հաշվի առնի անցած տարվա հուլիսի 5-6-ի դեպքերը և ջանքեր գործադրի բռնի խմբերի բոլոր հնարավոր գործողություններն անհապաղ կանխելու համար։ Այստեղ հարկ է նշել, որ մեր երկիրը Եվրամիության թեկնածու անդամի կարգավիճակ ստանալու համար միջոցներ ձեռնարկելու կոնկրետ ժամկետ ունի, և այս ընթացքում լրացուցիչ կարևորություն է ստանում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը», — նշել է Լոմջարիան:

Շաբաթվա շրջանակներում նաև անցկացվել է միջազգային գագաթնաժողով, որի համակարգողը Վրաստանից ակտիվիստ Էդգար Բրուտն էր։ Նա ընդգծում է, որ սա առաջին մեծամասշտաբ հավաքն էր։

«Կոնֆերանսը բավականին մասշտաբային էր, ներգրավված էր 6 պետություն, Վրաստանը, Մոլդովան, Հայաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Թուրքիան, Ուկրաինան և Բելառուսը: Այն անցավ խաղաղ պայմաններում, բոլորը խոսնակները ելույթ ունեցան բնական միջավայրում, միայն Ուկրաինայից խոսնակը միացավ առցանց՝ պատերազմի պատճառով», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է Էդգար Բրուտը:

Խոսելով փրայդի ընթացքի մասին՝ Բրուտը նշում է, որ առկա էին վտանգներ, սակայն Վրաստանին տրված ԵՄ հեռանկարն էր, որ կառավարությանն ավելի զգոն էր պահում:

«Հատկանշական է, որ ԼԳԲՏ համայնքը ևս փոխզիջման գնաց, չանցկացրեց «Արժանապատվության երթը»: Սակայն հարկ է նշել, սա առաջին անգամն էր, որ Pride-ի շաբաթն անցկացվեց ըստ նախատեսվածի», — ասում է նա:

Փրայդի հիմնադիրներից Միքայել Շախդինարյանը՝ Միկոն, «Ալիք մեդիային» տված հարցազրույցում նշում է․

«Անվտանգության հարցերը մեզ համար միշտ առաջնահերթ են, մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել ՆԳՆ-ի հետ և վերջապես պայմանավորվել ենք ռազմավարության և կոնկրետ ծրագրի շուրջ, այնպես որ ամեն ինչ ապահով անցնի, ոստիկանությունն արել է առավելագույնը, իմ կարծիքով, կատարելու սեփական պարտքը»։

Շախդինարյանը ասում է, որ համացանցում փրայդի շաբաթվա մասին կեղծ տեղեկություն է տարածվել Alt Info-ի կողմից:

«Հարկ է նաև նշել, որ այս տարի մենք մեծ զիջումներ արեցինք և հրաժարվեցինք երթից, հենց այն պատճառով, որ խուսափենք հերթական բռնությունից, հավանական բևեռացումից կամ ապակայունացումից», — ասում է նա:

Միքայել Շախդինարյանը նշում է, որ մեծ աջակցություն են ունեցել դիվանագիտական ​​կորպուսի և միջազգային կազմակերպությունների կողմից։

Նշենք, որ 2021 թվականի հուլիսի 5-ին, երբ Թբիլիսիում պետք է անցկացվեր «Արժանապատվության երթը», ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի և ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ի կոչով խորհրդարանի դիմաց հավաքվել էին խմբեր, արդյունքում ծեծի են ենթարկվել երթի մասնակիցներ, լրատվամիջոցի ներկայացուցիչներ և այլ քաղաքացիական անձինք։

Կարդացեք նաև՝

Tbilisi Pride-ի փառատոնի դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 26 անձ