Արևելք-Արևմուտք ճանապարհի շինաշխատանքը կավարտվի 2023–ին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ներկայումս շինարարական աշխատանքներ են իրականացվում Ռիկոթիի անցուղու բոլոր 51 թունելներում, որոնք բաժանված են 4 հատվածի։

Հատկանշական է, որ այս ճանապարհահատվածը մաս է կազմում Արևելք-Արևմուտք E60 արագընթաց մայրուղու։ 51 թունելից արդեն 34 թունել է հատվել, որից 3-ը շահագործման են հանձնվել։

Տվյալների համաձայն, աշխատանքներ են տարվում միաժամանակ 90 կամուրջների վրա, որոնցից 40-ն արդեն կառուցված են, իսկ ավարտված 6 կամուրջն արդեն շահագործման է հանձնվել։

Ռիկոթիի լեռնանցքում նաև կառուցվում է մինչև 51,6 կմ ընդհանուր երկարությամբ 4 գոտի արագընթաց մայրուղի, որը ներառում է 97 կամուրջ և 51 թունել։

«Ռիկոթիի լեռնանցքի կառուցումը դարի նախագիծն է, որն ավարտվում է ամենաբարդ աշխարհագրական երթուղու վրա՝ ամենադժվար ինժեներական շինություններով։ Այս ծրագրի արդյունքում կմիանան Արևելյան և Արևմտյան Վրաստանում արդեն կառուցված արագընթաց մայրուղու հատվածները, իսկ Ռիկոթիի հատվածում շարժման արագությունը, որը ներկայումս կազմում է 60 կմ/ժ, որոշ հատվածներում կավելանա և գրեթե կրկնապատկվի, իսկ նոր ճանապարհը կհամապատասխանի ճանապարհային անվտանգության բոլոր ժամանակակից չափանիշներին»,- նշված է տեղեկատվության մեջ։

Ի դեպ, Ռիկոթիի լեռնանցքի շինարարական աշխատանքները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մինչև 2,6 մլրդ լարի, աստիճանաբար կավարտվեն մինչև 2023 թվականի ավարտը։