Լուկաշենկոն խախտել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը. միջազգային արձագանքներ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Վրաստանից չվերահսկվող Աբխազիա կատարած այցը բողոքի ալիքի պատճառ դարձավ, դատապարտեցին ոչ միայն Վրաստանի իշխանություններն ու քաղաքական ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները, այլև Վրաստանի գործընկեր պետությունները` նույնպես։

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնն ասել է, որ  Լուկաշենկոյի այցը օկուպացված Աբխազիա հիշեցնում է, որ չարիքին հանդարտեցնելը միշտ հակառակ արդյունք է տալիս։

«Լուկաշենկոն ահաբեկիչ է, Պուտինի խամաճիկն է և ոչ լեգիտիմ կառավարիչ, որին չի ճանաչում Եվրամիությունը»,- ասել է եվրոպացի պատգամավորը։

Վրաստանում Լիտվայի դեսպան Էնդրյուս Կալինդրան ասել է, որ Լիտվան իր լիակատար աջակցությունն է հայտնում Վրաստանին։

«Բելառուսական ռեժիմի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Վրաստանի Աբխազիայի շրջան` վկայում է, որ Բելառուսն ու Ռուսաստանը չեն հարգում ՄԱԿ-ի կանոնադրությունը, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքը»,- նշել է դիվանագետը։

Վրաստանում Ավստրիայի դեսպան Թոմաս Միուլմանը հայտարարել է, որ դատապարտում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը օկուպացված Աբխազիա։

«Ավստրիան վճռականորեն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,- ասել է Միուլմանը։

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնի կարծիքով՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը օկուպացված Աբխազիա` ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքների անտեսման դրսևորում է։

«Միացյալ Թագավորությունը վճռական աջակցություն է հայտնում Վրաստանին այս հերթական սադրանքի լույսի ներքո»,- գրել է դիվանագետը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի խոսքով՝ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Բելառուսի նախագահի այցը Աբխազիա բացահայտ առճակատում է Վրաստանի հետ. կարծիքներ

Լուկաշենկոյի քայլը խախտում է Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենքը. Ղարիբաշվիլի

Խստորեն դատապարտում եմ Լուկաշենկոյի այցն Աբխազիա. Զուրաբիշվիլի