Բելառուսի նախագահի այցը Աբխազիա բացահայտ առճակատում է Վրաստանի հետ. կարծիքներ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Վրաստանից չվերահսկվող Աբխազիա` վրացական քաղաքական դաշտը բացասական գնահատեց: Թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ուժերը, մեղմ ասած, դատապարտեցին Լուկաշենկոյի այցը` այդ քայլն անվանելով Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենքի ոտնահարում:

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան խստորեն դատապարտել է Լուկաշենկոյի այցը:

«Սա Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ակնհայտ խախտում է, որը պահանջում է կառավարության և միջազգային հանրության կոշտ արձագանքը։ Մենք բոլորս պետք է ամուր դիրք բռնենք նման խախտումների դեմ»,- հայտարարել է Գախարիան։

Ընդդիմադիր «Լելո» կուսակցության պատգամավոր Դավիթ Ուսուփաշվիլիի խոսքով, Լուկաշենկոն վաղուց դարձել է ոչ թե Պուտինի կրտսեր եղբայրը, այլ նրա գրասենյակի աշխատակից: Ըստ նրա, Լուկաշենկոն գործում է ոչ թե Բելառուսի ժողովրդի շահերից ելնելով, այլ սեփական դիրքը փրկելու ցանկությամբ։

«Այո, նա Բելառուսի նախագահն է, բայց նրա գործողությունները չեն կարող երկարաժամկետ ազդեցություն ունենալ Բելառուսի ու Վրաստանի ժողովուրդների հարաբերությունների և Վրաստանի ինքնիշխանության հարգման ու ճանաչման վրա»,- ասել է Ուսուփաշվիլին:

«Լելոյի» առաջնորդներից Մամուկա Խազարաձեն էլ ասել է, որ Բելառուսի նախագահի այցը Աբխազիա բացահայտ առճակատում է Վրաստանի պետականության, նրա ինքնիշխանության ու անկախության հետ: Ըստ նրա՝ այս փաստը նույնպես միջազգայնորեն հաստատված նորմերի անտեսում է։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խախտել է «Օկուպացված տարածքների մասին» վրացական օրենքը, որին կհետևի համապատասխան գերատեսչության պատասխանը։

«Լուկաշենկոյի այցը Աբխազիա շատ մտահոգիչ ու ծանր փաստ է։ Դա նաև անբարյացակամ ու քաղաքականապես ոչ կոռեկտ քայլ է»,- ասել է Կալաձեն։

Լուկաշենկոյի՝ Աբխազիա այցի հետևանքները. դիվանագիտական հարաբերությունների խզումից մինչև վիզային ռեզժիմի սահմանում