Լուկաշենկոյի՝ Աբխազիա այցի հետևանքները. դիվանագիտական հարաբերությունների խզումից մինչև վիզային ռեժիմի սահմանում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիա վրացական քաղաքական դաշտում ազդարարեց նոր՝ հակաբելառուսական ալիքի մեկնարկը: Վրաստանյան քաղաքական շրջանակները կոշտ մեկնաբանություններ են հնչեցնում. Վրաստանում Բելառուսի դեսպանության փակումից մինչև բելառուսցիների համար վիզային ռեժիմի սահմանում:

Միջազգային հարաբերությունների մասնագետ Գիորգի Գոբրոնիձեի խոսքով, Բելառուսի նախագահին պետք է արգելել մուտք գործել Վրաստան՝ օկուպացված տարածքների վերաբերյալ վրացական օրենսդրությունը խախտելու համար։

«Անվտանգության ոլորտում համագործակցության մասին երկու երկրների համաձայնագիրը պետք է վերանայվի։ Բելառուսի դեսպանատան դիվանագետները պետք է վտարվեն երկրից: Նաև պետք է սկսել քննարկել Բելառուսի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու հարցը՝ քաղաքական այլախոհներին ապաստան տրամադրելու կանոնի պարզեցմանը զուգահեռ»,- գրել է Գոբրոնիձեն:

Վերլուծաբան Զաալ Անջափարիձեն նշում է, որ պետք է Բելառուսում Վրաստանի դեսպանին անհապաղ կանչել խորհրդակցությունների.

«Կարծում եմ, որ Աբխազիայի վերջին զարգացումների ֆոնին, Լուկաշենկոյի այցով, Մոսկվան նրանց համար «նվեր» է պատրաստում՝ դա կլինի Բելառուսի կողմից Աբխազիայի ճանաչումը»:

Վրաստանի անվտանգության քաղաքականության ինստիտուտի հիմնադիր Դավիթ Բրագվաձեի խոսքով, Լուկաշենկոյի ժամանումը Բիճվինթա նշանակում է, որ Բելառուսը շուտով կճանաչի Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

Վերլուծաբան Զուրաբ Բատիաշվիլին էլ նկատում է՝ ինչպիսին էլ որ լինեն Լուկաշենկոյի մտադրությունները, գոնե Թբիլիսին պետք է քայլեր ձեռնարկի, այդ թվում՝ կարելի է քննարկել Բելառուսի դեսպանին Վրաստանից վտարելու հարցը, քանի որ դա չպետք է մնա առանց արձագանքի:

Նրա խոսքով, Լուկաշենկոյի այցը օկուպացված Աբխազիա ևս մեկ նշան է, որ ջայլամի կեցվածքը, որը վրացական իշխանությունները ընտրել են իբրև հակամարտությունները լուծելու և Ռուսաստանի հետ մերձենալու համար, չի գործում։

Նշենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիա։ Լուկաշենկոն Բիճվինթայի ամառանոցում հանդիպել է Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիային։

Հանդիպմանը Լուկաշենկոն նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ կայացած հանդիպմանը քննարկվել է Աբխազիայի հարցը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Վրաստանից չվերահսկվող Աբխազիա ժամանելու կապակցությամբ, Վրաստանում Բելառուսի դեսպան Անատոլի Լիսը կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն։