Լուկաշենկոն Աբխազիայում է

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ոչ պաշտոնական այցով Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում է։

Սոցցանցերում տարածվում է Աբխազիայի տարածքում շարժվող ավտոշարասյան տեսագրությունը, որին ուղեկցում են ոստիկանության ճանապարհային պարեկային մեքենաները։

Տելեգրամյան AMRA-life ալիքը գրում է, որ «բարեկամ երկրի նախագահի կորտեժն արդեն անցել է Գագրայով»։ D News Abkhazia-ն ենթադրում է, որ «հյուրի հետ հանդիպումը կկայանա Բիճվինթայում»։

Ավելի ուշ սոցցանցերում լուսանկար տարածվեց՝ Լուկաշենկոյի և Աբխազիայի «ղեկավարության» հանդիպումից: Հանդիպմանը մասնակցել են Աբխազիայի դե ֆակտո նախագահը, դե ֆակտո արտգործնախարարն ու դե ֆակտո հանրապետության մի շարք պաշտոնատար անձիք:

Սեպտեմբերի 26-ին Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխատանքային այցով Սոչի էր ժամանել։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ՌԴ նախագահը վերադարձել է Մոսկվա։

Նշենք, որ ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի բացառում Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների անկախության ճանաչումը։ Նրա խոսքով, դա կարող է տեղի ունենալ, երբ ինքը տեսնի այդ քայլի անհրաժեշտությունը, և այդ մասին իրեն կասի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

2021 թվականի օգոստոսին Լուկաշենկոն բացատրել է, թե ինչու չի ճանաչում Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Նրա խոսքով՝ Արևմուտքը Մինսկին սպառնացել է լրացուցիչ պատժամիջոցներով այդ «հանրապետությունների» անկախության ճանաչման դեպքում, իսկ Մոսկվան հրաժարվել է փոխհատուցել տնտեսական կորուստները։