Ոստիկանները խոչընդոտում են Լարսում նախատեսված հակառուսական ակցիան

«Դրոա» կուսակցության անդամներին և քաղաքացիական ակտիվիստներին ոստիկանները թույլ չեն տալիս հասնել վրաց-ռուսական Կազբեգիի անցակետ (Լարսի անցակետ), որտեղ նրանք նախատեսել են հակառուսական հանրահավաք անցկացնել. ոստիկանները ակցիայի մասնակիցներին կանգնեցրել են Գվելեթի գյուղի մոտ՝ ստեղծելով կենդանի պատնեշ:

Ակտիվիստների ձեռքում են հակաօկուպացիոն և ռուսական քաղաքականության քննադատությամբ, ինչպես նաև՝ «Ռուս դասալիքներ, ձեր մուտքն այստեղ ողջունելի չէ» գրությամբ պաստառներ։ Հանրահավաքի մասնակիցները պահանջում են ՌԴ քաղաքացիների համար փակել Կազբեգի անցակետը։

Հանրահավաքի կազմակերպիչներն ասում են, որ իրենց հետապնդել են ոստիկանության մի քանի բրիգադ, իսկ հետո թույլ չեն տվել շարունակել ճանապարհը:

Նշենք, որ Գվելեթին գտնվում է Կազբեգի անցակետից մոտավորապես երկու կիլոմետր հեռավորության վրա։

«Մեր պահանջն է՝ փակել անցակետը, անընդունելի է, որ օրական այսքան ռուսներ են մտնում երկիր, երկիր՝ որի 20 տոկոսը օկուպացված է Ռուսաստանի կողմից։ Մենք ուզում ենք, որ ռուսները լսեն մեր հաղորդագրությունը՝ իրենք օկուպանտներ են, նրանց համար Վրաստանում տեղ չկա»,- ասել է «Դրոա»-ի անդամ Շուշանա Մացաբերիձեն: