Արտգործնախարարն ընդունել է Վրաստանում ՀՀ դեսպանին

Սեպտեմբերի 28-ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։

Արտգործնախարարության տեղեկատվության համաձայն, նախարարը հաջողություն է մաղթել հայ դիվանագետին հետագա աշխատանքում և ընդգծել Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը։

Կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների աճող դինամիկան և հույս հայտնել, որ չնայած տարածաշրջանում առկա դժվարություններին, կշարունակեն սերտ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական, տարանցիկ և տրանսպորտային ուղղություններով երկկողմ համագործակցության օրակարգի ընթացիկ հարցեր։ Նշվել է տարածաշրջանում միջազգային հանրության ներգրավվածության կարևորությունը։