Կալաձեն՝ մետրոյում առաջացած հերթերի մասին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն անդրադառնալով մետրոպոլիտենի «կայարանի հրապարակում» մշտական դարձած հերթերին՝ նշել է, որ խնդիրը վերացնելու ուղղությամբ աշխատանքներն սկսված են։

«Այդ 70 մետրանոց թունելում մարդկանց տեղաշարժը մեծ խնդիր է դարձել։ Ֆիզիկապես տեղաշարժն անհնարին է դառնում հատկապես պիկ ժամերին, մենք դա տեսնում ենք, մանրամասն տեղյակ ենք առկա խնդրի մասին», — ասել է Կախա Կալաձեն՝ նշելով, որ խնդիրը վերացնելու ուղղությամբ հանձնարարականներ է տվել փոխքաղաքապետ Իրակլի Բենդելիանիին և տրանսպորտի և քաղաքաշինության գործակալության ղեկավար Վիկտոր Ցիլոսանիին։

«Առաջին անգամ թեստային ռեժիմով կարող ենք օգտագործել զարգացած երկրների հոսքերի կառավարման օրինակները։ Ես ուզում եմ խրախուսել ձեզ՝ ներգրավել փորձագետների, ոլորտի մասնագետների՝ հասկանալու հոսքի կառավարման հնարավորությունները: Միաժամանակ ներգրավեք միջազգային փորձագետների և սկսեք աշխատել գոյություն ունեցող թունելի ընդլայնման և կահավորման ուղղությամբ, որպեսզի տեղաշարժը քաղաքացիների համար խնդիր չառաջացնի», — ասել է քաղաքապետը։

Քաղաքապետի խոսքով, մետրոպոլիտենի տարածքում, որը տրանսպորտային համակարգի կարևորագույն մասերից է, անընդհատ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում թե՛ ավելի մեծ հոսքերի սպասարկման, թե՛ անվտանգության համար։

Կալաձեի պարզաբանմամբ՝ գնացքների ավելացումը մետրոպոլիտենում գնացքի սպասման ժամանակը 7-8 րոպեից կրճատել է մինչև 3 րոպե։

Քաղաքապետը նաև նշել է, որ մետրոպոլիտենում ամբողջությամբ փոխվել են հոսանքալարերը, ազդանշանային համակարգերը, դիսպետչերական միջոցները և  օդափոխման սարքերը։