Ուղևորների կուտակումների դեպքում ավտոբուսներ կավելացվեն. ԱՆ

Այն թաղամասերում, որտեղ ուղևորների կուտակումներ կան, ավտոբուսների քանակը կավելանա: Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն՝ համակարգող խորհրդի նիստից հետո անցկացված ճեպազրույցում: Ըստ նրա, ուղևորափոխադրումների վիճակագրությունը կատարվում է ամեն օր և ավտոբուսներ ավելացնելու մասին որոշումը կայացվում է համապատասխանաբար:

«Մենք ամեն օր վիճակագրություն ենք կազմում քաղաքային տրանսպորտի հոսքի վերաբերյալ: Հետևաբար, որոշվեց, որ ավտոբուսները կավելացվեն այն տարածքներում, որտեղ ուղևորների մեծ թիվ կա», — ասել է Տիկարաձեն:

Նշենք նաև, որ Վրաստանի տրանսպորտի և ճանապարհների ասոցիացիայի ղեկավար Դավիթ Մեսխիշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և լուսանկար հրապարակել՝ կոչ անելով անմիջապես վերականգնել դեղին միկրոավտոբուսների (երթուղային տաքսիների) երթևեկը: Լուսանկարն արված էր ավտոբուսում, որտեղ ուղևորների կուտակում կար:

Հիշեցնենք՝ Վրաստանի կառավարության որոշմամբ, մարտի 18-ից արգելվում է երթուղային տաքսիներով տեղաշարժը: