Իվանիշվիլիի ունեցվածքը 1 տարում ավելացել է 1,12 միլիարդ դոլարով

Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքը մեկ տարում ավելացել է 1,12 միլիարդ դոլարով:

Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ վրացի միլիարդատիրոջ ունեցվածքը ներկայումս կազմում է 6,92 միլիարդ դոլար։ Դեռ մեկ տարի առաջ Իվանիշվիլիի ունեցվածքը գնահատվում էր 5,8 միլիարդ դոլար։ Իվանիշվիլին աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 374-րդ տեղում է:

Bloomberg-ը գրում է, որ Իվանիշվիլին 1990-ականներին Ռուսաստանում իր հարստությունը ձեռք է բերել տարբեր բիզնեսների միջոցով, այդ թվում՝ երկաթի հանքաքար արտադրողների, պողպատի գործարանների, բանկերի և անշարժ գույքի հավաքածու կառուցելու միջոցով։ Նա վաճառել է իր ակտիվների մեծ մասը 2003-2006 թվականներին, իսկ մնացածը՝ 2012 թվականի հոկտեմբերին, նախքան Վրաստանի վարչապետ ընտրվելը։ Նա վարչապետի պաշտոնը լքել է 2013 թվականին: Bloomberg Billionaires Index-ը Իվանիշվիլիի ունեցվածքը գնահատում է 2013 թվականից։

Ի դեպ, Վրաստանի հանրային ռեգիստրի ազգային գործակալության կայքի քաղաքական միավորումների (կուսակցությունների) ռեգիստրում հրապարակվել են Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան»-ի 2023 թվականի դեկտեմբերի 30-ի յոթերորդ արտահերթ համագումարի հաստատած փոփոխությունները: Ըստ փոփոխության՝ երկրի վարչապետի թեկնածուին կառաջադրի կուսակցության պատվավոր նախագահը, այսինքն՝ Իվանիշվիլին:

Իվանիշվիլին դեկտեմբերի 30-ին «Վրացական երազանք»-ի համագումարում ընտրվել է կուսակցության պատվավոր նախագահ և հայտարարել քաղաքականություն վերադարձի մասին: Վերջինս նշված հավաքի ժամանակ նշել էր, որ ենթարկվել է պատժամիջոցների: