«Աշխատանք փնտրելու իմ հաջող/անհաջող պատմությունը»․ Արմենուհի Շիրինյան

Ներկայացնում ենք Ալիք Մեդիայի հայտարարած «Աշխատանք փնտրելու իմ հաջող/անհաջող պատմությունը» խորագրով էսսեների մրցույթի մասնակիցների աշխատանքները: Ստորև կարող եք ծանոթանալ Արմենուհի Շիրինյանի հեղինակած էսսեին:

2018 թվականին ավարտելով վրաց լեզվի ուսուցման նախապատրաստական ծրագիրը` ընդունվեցի Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի սոցիալական և քաղաքական գիտություններ բաժինը։

Լինելով ընդամենը 19 տարեկան, հասնելով գիտակցական որոշակի մակարդակի, ունենալով համեմատաբար լայն ձևավորված աշխարհահայացք, քաջ գիտակցում էի, որ ընտրել եմ բավականին բարդ ուղի, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր և բովանդակալից է լինելու։

Այդպես էլ եղավ, պետական լեզվի ոչ լիարժեք իմացությունը, այնպիսի բնագավառի համար, ինչպիսին լրագրությունն էր, խոչընդոտների սկիզբ հանդիսանալով բազում անգամներ ոչ լիարժեքության զգացողություն պարգևեց։

100-120 հոգանոց լսարան, որտեղ բացի քեզնից բոլորն անխտիր տիրապետում էին պետական լեզվին, լիարժեքորեն արտահայտում էին իրենց կարծիքը, կարողանում էին ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը․․․ իհարկե՝ հոգեբանորեն ճնշող ազդեցություն էր։

Բայց ինչ խոսք՝ ամեն բան հաղթահարելի է, եթե Աստծո կողմից օժտված ենք մեծագույն ուժով, դժվարությունները հաղթահարելու անկոտրուն կամքով, և սովորելու ունակությամբ։

Այսօր էլ` հստակ ու առանց վարանելու հիշում եմ՝ ընդամենը մեկ կիսամյակ պահանջվեց, որպեսզի կարողանամ պետական լեզվով ճիշտ հաղորդակցվել, ըմբռնածս արտահայտել, քննությունները բարձր գնահատականներով հանձնել։

Գովեստները, որոնք ստացել եմ ԹՊՀ-ի դասախոսական այն անձնակազմի կողմից, ովքեր ինձ դասավանդել են, միշտ ստիպել են՝ ավելի լավ պատրաստվել դասերին, համեմատաբար մեծ պատասխանատվություն ցուցաբերել և բարձր արդյունքների հասնել։

Երբեք չեմ մոռանա այն դասախոսներին, ովքեր իրենց բարի խրատով, խստությամբ և կամեցողությամբ օգնել են ինձ հաղթահարելու մի շարք խոչընդոտներ և ամենակարևորը ինտեգրվել, ինչը մեծագույն խնդիր է էթնիկ փոքրամասնությունների ուսանողների համար։

Բակալավրի 4 տարիներն ինձ համար եղել են լավագույնը, հիմա էլ մեծ սիրով եմ հիշում բոլոր այն պահերը, որոնք կապված են հարազատ համալսարանիս հետ, բայց այդ 4 տարիների ամենահիշարժան օրը 2022 թվականի հուլիսի 22-ն էր, դիպլոմային աշխատանքիս պաշտպանության օրը։

Հիշարժան էր, քանզի 4 տարվա ընթացքում ստացած գիտելիքն ամբողջապես ասոցացնում էր իմ կողմից «Էթնիկ փոքրամասնությունների բարձրագույն կրթության հարցերի լուսաբանումը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային մեդիայում «1+4» կրթական ծրագրի օրինակով» թեմայով պատրաստած 70 էջանոց դիպլոմային աշխատանքը։

Ավարտելով համալսարանը, ինչպես շրջանավարտների մեծամասնությունը, այնպես էլ ես՝ սկսեցի աշխատանք փնտրել, ամենաշատը ցանկանում էի այնպիսի աշխատանք գտնել, որը կհամապատասխաներ համալսարանում ստացած գիտելիքներիս, որպեսզի կարողանայի առանց թերությունների, ճիշտ և տեղին կատարել բոլոր այն հանձնարարությունները, որոնք կտրվեին աշխատավայրում։

Եվ հենց այդ ժամանակահատվածում՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից հայտարարված էր մրցույթ հասարակության հետ կապերի մասնագետի թափուր տեղի համար։

Ծանոթանալով մրցույթի պայմաններին և աշխատատեղի պահանջներին, մտածեցի, որ անխոչընդոտ կկարողանամ կատարել այն ամենը, ինչն անհրաժեշտ է, քանի որ համալսարանում ստացած գիտելիքներս ամբողջապես համապատասխանում էր տվյալ աշխատատեղի պահանջներին։

Համալսարանական տարիներին, շուրջ երկու կիսամյակի ընթացքում ուսումնասիրել էի հասարակության հետ կապերի առանձնահատկությունները, ինչը հետագայում թույլ կտար, որպեսզի առանց մեծ դժվարությունների կարողանայի կատարել աշխատանքս։

Եվ այդպես էլ եղավ, անցնելով աշխատանքի, գրեթե ոչ մի անգամ չեմ բախվել դժվարությունների, քանի որ համալսարանում լրագրության հետ մեկտեղ լիարժեքորեն ուսումնասիրել եմ նաև հասարակության հետ կապերի նշանակությունն ու կարևորությունը։

Դպրոցում և համալսարանում ստացած գիտելիքների, ընտանիքի աջակցության և գործատուի վստահության շնորհիվ շատ երիտասարդներ ունեն աշխատանք փնտրելու հաջողակ պատմություններ, ես էլ բացառություն չեմ․․․

Բոլոր ուսանողներին կկամենայի, որ ճիշտ ընտրեն մասնագիտություն, ուսանողական տարիներին՝ ուժերի ներածին չափով սովորեն, դառնան բանիմաց և լավ մասնագետ, քանի որ ինչպես երկրի հզորացման ու զարգացման, այնպես էլ՝ աշխատանք փնտրելու հաջող պատմություն ունենալու համար նախ և առաջ պետք է լինել լավ մասնագետ։

Հեղինակ՝ Արմենուհի Շիրինյան, 24 տարեկան

Նինոծմինդա

Այս հրապարակումը ստեղծվել է մրցույթի շրջանակներում, Վրաստանի Կանանց Հիմնադրամի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է հեղինակը, այն կարող է չհամընկնել Ալիք Մեդիայի և Վրաստանի Կանանց Հիմնադրամի հայացքներին։