«Աշխատանք փնտրելու իմ հաջող/անհաջող պատմությունը»․ Հասմիկ Պետրոսյան

Ներկայացնում ենք «Ալիք Մեդիայի» հայտարարած «Աշխատանք փնտրելու իմ հաջող/անհաջող պատմությունը» խորագրով էսսեների մրցույթի մասնակիցների աշխատանքները: Ստորև կարող եք ծանոթանալ Հասմիկ Պետրոսյանի հեղինակած էսսեին:

Փնտրենք արևի շող, անգամ խավարի մեջ․․․

Կարող ենք ասել, որ ներկայումս քիչ մասնագետների օրինակներ ունենք, ովքեր աշխատում են հենց այն մասնագիտությամբ, որն ավարտել են բուհում: Սա հենց երիտասարդների, թե՞ պետության խնդիրն է, քննարկման այլ թեմա է: Իսկ հիմա կկիսվեմ ձեզ հետ մի պատմությամբ, որն այս ամենի խոսուն վկան է:

2017 թվականին հերոսուհիս՝ Նաիրա Մոսոյանը, ավարտելով Կարծախի Ջիվանու անվան հանրային դպրոցը, որոշեց ընդունվել Թբիլիսիի պետական համալսարան: Գրանցումից, սակայն, ուշանալու և որոշ այլ խնդիրների պատճառով Նաիրան 2017-ին չի ընդունվում, սակայն այդ ողջ տարին պարապմունքների և նոր գիտելիք ձեռք բերելու վրա է ծախսում։ 2018-ին 100 տոկոս գրանտ ստանալով՝ անվճար ուսումը սկսում է ԹՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում:

Նաիրայի համար դժվարությունները շատ էին՝ լեզվի չիմացություն, նոր միջավայր և ընտանիքից հեռու, նոր քաղաքում միայնակ ապրելը, սակայն նա շատ աշխատելով և սովորելով փորձում է հաղթահարել բոլոր այն դժվարությունները, որոնք իրեն ուղղված էին թե´ համալսարանի, թե´ հասարակության կողմից:

Հաջողությամբ հասնելով 4-րդ կուրս, Նաիրան ամուսնանում է: Նրա համար, սակայն, դժվարություններն ավելի են կրկնապատկվում․ ստիպված է լինում իր առօրյան կիսել վրացի կուրսեցիների և ընկերների հետ հավասար՝ սովորելու, իր հոբբիի, փոքրիկին մեծացնելու և ընտանեկան հոգսերը հոգալու մեջ:

Սա նույնպես աղջկան չի խանգարում հաջողությամբ համալսարանն ավարտել և բակալավրի դիպլոմը ստանալ:

Գյուղում իրավաբանի աշխատանք գտնելը բարդ է, իսկ իրավաբանի լիցենզիա, մագիստրատուրա ընդունվել նորաստեղծ ընտանիքի համար փոքրիկի հետ դժվար կլիներ: Սակայն ինչը՞ կարող է խանգարել այն մարդուն, ում մտքի թռիչքն ամեն վայրկյան է զարգանում, իսկ նպատակասլացությունն աստիճան չունի: Այսպես կարելի է բնութագրել Նաիրային:

Չնայած դժվարություններին՝ Նաիրան վրացերենի որոնող ուսուցչուհու կարգավիճակով սկսում է աշխատել Կարծախի Ջիվանու անվան հանրային դպրոցում։ Ուսուցիչների առարկայական քննություններում վրաց լեզվի քննությունը բարձր միավորներով հանձնելով, ուսուցիչների համար նախատեսված բոլոր դասընթացներն հաջողությամբ ավարտելով, ստանում է վրաց լեզվի ավագ ուսուցչուհու կոչում՝ դասավանդելով դպրոցի բարձր դասարանների աշակերտներին:

Իհարկե, ուսուցչուհու մասնագիտությունը Նաիրայի երազանքի մասնագիտությունը չէր, սակայն որտեղ կա պատասխանատվություն և աշխատասիրություն, այնտեղ կա հաջողություն: Նաիրան փորձում է իր մասնագիտության հետ կապեր գտնելով, սիրով կատարել աշխատանքը: Ի վերջո՝ լինելով աշխատասեր մարդ, սիրում է նաև դա՝ երազանքներով, սակայն, իրավաբանական աթոռին և դատարաններում լինելով…

Նաիրային կարելի է բնութագրել «արվեստոտ աղջիկ» արտահայտությամբ: Հատկանշական է նաև այն, որ Նաիրան ինքնուս նկարչուհի է և չի դադարում դպրոցի պատերը պատկերազարդել հետաքրքիր և գունեղ նկարներով:

Իսկ, երբ Նաիրային հարցրի՝ ինչպե՞ս հաղթահարել դժվարությունները, երբ թվում է, թե ելք չկա, պատասխանեց՝

«Փորձիր քո գունեղ ներկատախտակը սփռել աշխարհին և միշտ փնտրիր արևի շող մշուշի ու խավարի մեջ: Յուրաքանչյուր դժվար իրավիճակում, երբ ամեն ինչ անելանելի է թվում, պետք է գտնել մեկ լուսավոր կետ և գնալ դեպի այն: Ընտանիքն ու սերը ձեռք կմեկնեն և կօգնեն մեզ, միայն թե ուղին պետք է ճիշտ ընտրել»:

Եվ հենց սա էլ դարձավ հերոսուհուս՝ «Աշխատանք փնտրելու հաջող պատմությունը»։

Հեղինակ՝ Հասմիկ Պետրոսյան, 18 տարեկան

Ախալքալաքի մունիցիպալիտետ, Խավեթ գյուղ

Թբիլիսիի Պետական Գեղարվեստի Ակադեմիայի ուսանող

Այս հրապարակումը ստեղծվել է մրցույթի շրջանակներում, Վրաստանի Կանանց Հիմնադրամի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է հեղինակը, այն կարող է չհամընկնել «Ալիք Մեդիայի» և Վրաստանի Կանանց Հիմնադրամի հայացքների հետ։