Օգոստոսյան պատերազմից 15 տարի է անցել

Այսօր լրանում է Ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 15-րդ տարին: 2008 թվականի ամռանը Ցխինվալիի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ:

Վրաստանի դիրքորոշումը՝ Ռուսաստանը նախապես պատրաստվում էր զորքեր մտցնել ինքնավարություն, ուստի վրացական բանակը դիմել է պատասխան գործողությունների, իսկ ռուսական կողմը պնդում է, թե զորքերը տարածաշրջան են մտցվել «քաղաքացիներին և խաղաղապահներին պաշտպանելու նպատակով»:

Ըստ տարբեր տվյալների՝ պատերազմական հինգ օրերին օսական կողմն ունեցել է 365 կորուստ վրացականը՝ 412։ Հարավային Օսիայի տարածքում գտնվող վրացական գյուղերի մոտ 80 հազար բնակիչ լքել է իր տունն ու համալրել փախստականների ու բռնի տեղահանվածների շարքերը։

Ցխինվալիի շրջանի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի խախտումները սկսվեցին 2008 թվականի հուլիսի վերջերից, մինչ օրս կողմերն իրար են մեղադրում: Մեկ շաբաթ տևած սրացումից հետո, օգոստոսի 7-ի երեկոյան նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օսական կողմի դիրքերի ուղղությամբ կրակի դադարեցման հրաման տվեց: Սակայն նույն գիշերը, վրացական խաղաղապահ գումարտակի հրամանատար Մամուկա Ղուրաշվիլին հայտարարեց, որ օսական կողմից կրակոցների վերսկսվելու պատճառով ընդունվել է Ցխինվալիի շրջանում սահմանադրական կարգի վերականգման որոշում:

Օգոստոսի 11-12-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջնորդությամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում մարտական գործողությունների դադարեցման մասին 6 կետից բաղկացած համաձայնագիր են ստորագրում:

Հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են:

Ըստ «Սիրցխվիլիա» («Ամոթ է») շարժման՝ օգոստոսյան պատերազմից 15 տարի անց էլ ռուսական քարոզչությունը ստիպում է մեզ հավատալ, որ պատերազմը սկսվել է օգոստոսի 8-ին։ Ռուսական այս նարատիվը ծառայում է պատերազմ սկսելու համար Վրաստանին մեղադրելուն:

Շարժման պնդմամբ՝ իրականում, Ռուսաստանն օգոստոսյան պատերազմին սկսել է նախապատրաստվել տարիներ առաջ: Ռուսաստանը կազմակերպեց տնտեսական, էներգետիկ և ռազմական սադրանքներ, իսկ 2008 թվականի օգոստոսի 1-ից օկուպանտները հարձակումներ սկսեցին Ցխինվալիի շրջանում։ Պաշտոնապես պատերազմը սկսվեց օգոստոսի 7-ին, երբ ռուսական բանակը ներխուժեց Վրաստանի կենտրոնական իշխանության վերահսկողության տակ գտնվող տարածք։

«Սիրցխվիլիա»-ն կոչ է անում չտարածել ռուսական քարոզչություն: Ստորև ներկայացնում ենք շարժման նախաձեռնությունը, որով «Սիրցխվիլիա»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում օգոստոսի 1-ից պատմում են պատերազմի ժամանակագրության մասին:

Ավելին՝ ստորև նյութում.

Պատերազմից 15 տարի անց. ժամանակագրություն (թարմացվող)