Տեսանյութ. Ախալցիխեում բուժքույրն ընկել է կոմայի մեջ. ենթադրվում է` պատվաստվելուց

Ախալցիխեում Astrazeneca պատվաստանյութով պատվաստումից հետո բուժքույր է կոմայի մեջ ընկել: Մոտ 30-ամյա կինն իրեն սկսել է վատ զգալ պատվաստումից րոպեներ անց: Այս մասին Ալիք Մեդիային հայտնեցին տեղից:

Տեղի ունեցածից հետո «Իմեդի» կլինիկայի հարակից տարածքում, որտեղ էլ աշխատում  է բուժքույրը, հավաքվել են վերջինիս հարազատները, կոտրել կլինիկայի պատուհանները: Նրանք պահանջում են հանդիպում կլինիկայի տնօրինության հետ: Դեռևս նրանց չեն պատասխանել:

Ալիք Մեդիան փորձեց մեկնաբանություն ստանալ Ախալցիխեի հանրային առողջապահության կենտրոնից, որի հանրային կապերի ծառայության ներկայացուցիչը` լսելով, որ լրագրող ենք, հայտարարեց, որ ոչինչ չի լսում ու խոսափողն անջատեց:

Վրաստանի Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ շուտով հայտարարություն կտարածեն:

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն հայտարարել է, որ պատվաստանյութը կարող է ունենալ կողմնակի ազդեցություններ: Օրինակ` իր մոտ նկատվել են ցավեր ձեռքի հատվածում: Նա ներկայացրել է վիճակագրություն, ըստ որի՝ պատվաստված բժիշկներից մեկի մոտ բորբոքային գործընթաց է սկսել, բժիշկների մի մասի մոտ 39 աստիճան ջերմություն է նկատվել: Այս ամենն ըստ Իմնաձեի` միանշանակ նորմալ է:

«Եթե չպատվաստվենք, ավելի վատ վիճակ կլինի»,- հայտարարել է Իմնաձեն։

Նշենք, որ Վրաստանում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացը։  Առաջին փուլում երկրում COVID-19-ի դեմ պատվաստվում են բուժաշխատողները:

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տեղեկատվությամբ՝ մարտի 17-ի, ժամը 18:00-ի դրությամբ երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2719 բուժաշխատող։

Լուսանկարը՝ sknews.ge