Ախալքալաքը` ՀՀ-ի քարտեզին. Վրաստանի ԱԳՆ-ն պարզաբանում է պահանջել

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է ֆրանսիացի գործընկերներին`բացատրություն ստանալու համար այն բանից հետո, երբ ֆրանսիացի քաղաքական գործիչներիրց մեկը սոցցանցերում նկար էր հրապարակել, որում Սամցխե-Ջավախքն ու Ախալքալաքը նշված են որպես ՀՀ-ի տարածքներ: Կից նաև հրապարակում է  արել. «Ես խոստացել եմ միշտ լինել ՀՀ-ի ու Արցախի կողքին, այսօր մենք պաշտպանում ենք Արցախի ժողովրդին Ադրբեջանի բարբարոսական հարձակումից:  Օվերն-Ռոն-Ալպերը 55000 եվրո Է հատկացրել`Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի միջոցով 13 տոննա դեղամիջոց և առաջին անհրաժեշտության պարագա ուղարկելու այն ընտանիքներին, որոնք կորցրել են ամեն ինչ։ Մենք միշտ կաջակցենք այն հայերին, որոնք ցանկանում են իրենց ընտանիքների հետ արժանապատվորեն ու խաղաղ ապրել Արցախում»:

Խոսքը Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի  (Laurent Wauquiez) մասին  է, ով հայտնել է, որ  Լեռնային Ղարաբաղ 13 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել: Գրառումը վրաստանյան օգտատետերի զայրույթն է առաջացրել, նկարը  հազարավոր մարդիկ են տարածել, գրառումը 10 հազարից ավել մեկնաբանություն ունի:

ժամեր անց արձագանքել է նաև Վրաստանի ԱԳՆ-ն: Գերատեսչությունից ասել են, որ քարտեզը ազգայնական կազմակերպության է պատկանում ու չի արտացոլում Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը: Նշվում է, որ քարտեզն ակտիվորեն գործածվում է Ֆրանսիայում գործունեություն ծավալող` ազգայնական հայացքներ ունեցող կազմակերպության կողմից, լուսանկարն էլ արված է տվյալ կազմակերպության գրասենյակում:

Հարցին անդրադարձել է նաև Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլասը. Թվիթերի իր էջում նա գրել է, որ տեսել է լուսանկարը, որը պաշտոնական Ֆրանսիայի հետ ոչ մի կապ չունի.

«Հայտնի է, որ Ֆրանսիան հարգում ու ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ինչը մեզ համար շատ կարևոր է»— գրել է  դեսպանը: