Ախալքալաքը վերափոխելը՝ FLEX-ի հաղթողների նպատակ

Ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի (FLEX) հաղթողները Ախալքալաքից՝ Վեներա Մարգարյանը և Ելենա Գաբրիելյանն են, ովքեր մեկ տարի կապրեն ԱՄՆ-ում՝ հյուրընկալ ընտանիքում և կհաճախեն ամերիկյան դպրոց։

Ծրագիրը նախատեսված է 9-11-րդ դասարանի աշակերտների համար, ծնված` 2006 թվականի հունվարի 1-ից մինչև 2008 թվականի հուլիսի 15-ը, ովքեր տիրապետում են անգլերենին, ունեն դրական թվանշաններ, իսկ սահմանափակ կարողություններով անձանց դեպքում նրանց, ովքեր ծնվել են 2003 թվականի հունվարի 1-ից մինչև 2005 թվականի հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում և համապատասխանում են ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին։ Ծրագրի շրջանակներում ամեն տարի ողջ Վրաստանից 80 հոգի մեկնում է Միացյալ նահանգներ։

Վեներա Մարգարյանը Ախալքալաքից է, 16 տարեկան, հաճախում է Մայակովսկու անվան թիվ 2 հանրային ռուսաց դպրոց։ Նա դեռ վաղուց է երազել մեկնել Ամերիկա, ծրագրի միջոցով արդեն տրվեց հնարավորությունը․

«Անցյալ տարի, երբ իմացա այս ծրագրի մասին, արդեն գրանցման ժամկետն ավարտվել էր, ուստի նպատակ դրեցի իմ առջև մինչև մյուս տարի սովորել անգլերեն և հայտ ներկայացնել։ Սկսեցի հաճախել անհատական պարապմունքների, չնայած նրան, որ խմբակային դասընթացների արդեն իսկ մասնակցում էի։ Այս տարի, երբ գրանցվեցի, հույսերս մեծ էին, բայց վստահ չէի՝ արդյոք կհայտնվեմ հաջողակների ցանկում, երբ փուլ առ փուլ մոտեցա հաղթանակիս, և 3-րդ փուլից հետո զանգեցին և հայտնեցին ուրախալի լուրը՝ ամենաերջանիկն էի․․․» — պատմում է Մարգարյանը։

Աշակերտուհին նշում է, որ իր հաջողության մեջ մեծ է եղել անգլերենի ուսուցչուհու դերը, ով միշտ ոգևորել և խրախուսել է, նաև ծնողների, քանի որ միշտ եղել են իր կողքին, հավատացել ուժերին։

«ԱՄՆ ուզում եմ գնալ, ոչ միայն ճանապարհորդելու, այլև անգլերեն լեզվին էլ ավելի լավ տիրապետելու, գիտելիքների մեծ պաշար հավաքելու և հետագայում ստացած փորձն այստեղ օգտագործելու նպատակով։ Շատ կուզեի բարձրագույն կրթություն ստանալ ԱՄՆ-ի լավագույն համալսարաններում, FLEX-ից հետո որոշներին դա հաջողվում է»։

Վեներա Մարգարյանը նշում է, որ ոչ միայն այս, այլ մյուս փոխանակման ծրագրերը ևս շատ կարևոր են, այսօր երիտասարդները բազում հաջողությունների կարող են հասնել՝ աշխատասիրության, անկոտրում կամքի և համբերատար լինելու միջոցով։

Ծրագրի մյուս հաղթողը Ախալքալաքից՝ Հովհաննես Թումանյանի անվան թիվ 1 հանրային դպրոցի աշակերտուհի Ելենա Գաբրիելյանը, այս տարի երկրորդ անգամ է մասնակցել մրցույթին․ անցյալ տարի ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել հասնել եզրափակիչ փուլ, սակայն այս տարի չի հանձնվել և խանդավառությամբ է լրացրել հայտը։

«Այս անգամ զգում էի, որ ջանքերս զուր չեն, մրցութային ընթացքից հետո ամենաբարդ ժամանակահատվածը պատասխաններին սպասելն է, որը տևում է 4 ամսից ավելի։ Ապրիլի 4-ին զանգ ստացա, որ 1 տարով մեկնում եմ ԱՄՆ, դա աննկարագրելի զգացողություն է» — ասում է Գաբրիելյանը։

Խոսելով նպատակների և սպասումների մասին՝ նշում է, որ ցանկանում է օրինակ դառնալ իր հասակակիցների համար։

«Միշտ ցանկացել եմ լինել հասակակիցներիս մոտիվացիայի աղբյուրը, որպեսզի մարդիկ թևաթափ լինելուց առաջ հիշեն ինձ, համառորեն առաջ շարժվեն։

Կարծում եմ այս մեկ տարին կյանքիս ամենալավ տարին է լինելու, չնայած հեռու եմ լինելու ընտանիքից ու հարազատներից, այնուամենայնիվ գիտեմ՝ դա իր նպատակին է ծառայելու, որպեսզի հետ գամ Ախալքալաք՝ ավելի բանիմաց, համարձակ փոփոխությունների պատրաստ։ Հեշտությամբ եմ հարմարվում նոր միջավայրի» — ասում է նա և շարունակում․ «Այս ընթացքում շատ են աջակցել ծնողներս, մայրիկիս երբ հարցնում էին՝ կթողնես աղջիկդ այդքան հեռու գնա միայնակ, մայրս պատասխանում էր, որ երազանքների իրականացումից հետ չի պահի»։

Ելենա Գաբրիելյանը հորդորում է բոլոր այն երիտասարդներին, ովքեր ուզում են դառնալ FLEX-ի հաղթող, լինել հնարավորինս անկեղծ, ցույց տալ իրական էությունը, ոչ թե թվալ լավը, իսկ երբ հասարակությունը կփորձի ընկճել՝ լինել ուժեղ և հետևել սրտի ձայնին։